ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է «Հայաստան»-ի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե ՀԷՑ-ն առաջարկել է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն ՀԾԿՀ-ը մերժել է։
«ՀԷՑ-ը առաջարկել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 6 ամսվա կտրվածքով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, վերանայել ՀԷՑ-ի սակագների հաշվարկը։ Մասնավորապես, մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները` շուրջ 12 մլրդ դրամ։ Այսպիսով, ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։ Դա է վկայում ինչպես վերը նշված՝ մեկ գործոնով պայմանավորված սակագնի նվազեցման և մեկ այլ գործոնով պայմանավորված ավելացման առաջարկը, այնպես էլ ՀԷՑ-ի գրությամբ նշված պատճառաբանությունը՝ ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները», - ասված է հաղորդագրությունում։
Ի պատասխան ՀԷՑ-ի վերը նշված առաջարկին ՀԾԿՀ-ն համապատասխան գրությամբ հայտնել էր, որ էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղումը սակագների վրա ազդող գործոններից միայն մեկն է և այն էլ 6 ամսյա ժամանակահատվածի համար, որը տարեկան արդյունքներով կարող էր էականորեն փոխվել։
«Բացի այդ, սակագների վրա ազդում են նաև այլ գործոններ, որոնց ամբողջական գնահատականը լինում է տարվա ավարտին, ինչը սակագների վրա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։ Հետևաբար, նպատակ ունենալով էլեկտրաէներգետիկական համակարգում ապահովել կայուն սակագնային քաղաքականություն՝ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա», - նշված է հաղորդագրությունում։