Հաղարծինի մոտ վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության. հարուցվել է քրգործ

Երեկ ուսանողների տեղափոխող ավտոբուսը Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին գլորվել, ընկել է ձորակը: Առողջապահության նախարարությունից nտեղեկացնում են՝ հիվանդանոց տեղափոխված 30 տուժածներից միայն երեքն են այս պահին հիվանդանոցում՝ մեկն էլ վիրահատվել է, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս 27-ն, ըստ գերատեսչության, արդեն դուրս են գրվել:

Ուղևորափոխադրումներ կազմակերպող ընկերության տնօրենի խորհրդականն «Ազատությանն» ասաց՝ վարորդը չի տուժել, իսկ դեպքն, ըստ նրա, տեղի է ունեցել ճանապարհի փլուզման պատճառով. «Հաղարծինից իջնելու ճանապարհին շատ են եղել մարդատար կայանված մեքենաներ, ճանապարհն էլ՝ նեղ, հազիվ անցնելուց է եղել, խցանման պատճառով ավտոբուսի դանդաղ ընթացքի ժամանակ աջ կողմի կողային փլուզում է եղել, որից հետո ավտոբուսը կողաշրջվել է ձորակում»:

Ընկերության տնօրենի խորհրդականը պնդեց՝ ավտոբուսը տեխնիկական խնդիր չի ունեցել. «Ավտոբուսները տարվա մեջ երկու անգամ տեխասմոտր են անցնում, տեխզննումը շատ խիստ է, բացի դա էլ՝ ավտոբուսը մեր պարկում ամեն առավոտ գործի գնալուց առաջ զննվում է՝ արգելակների հետ կապված, որոշակի բաների հետ կապված, ոչ մի խնդիր չկա: Այս դեպքը, որ տեղի է ունեցել, ավտոբուսի անսարք լինելու պատճառով չի եղել»:

«Տավուշ» հեռուստաընկերությունն է երեկ դեպքից հետո եղել հիվանդանոցում, առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը պատմել է, թե ինչ վիճակում են տուժածներից մի քանիսը տեղափոխվել Երևան. «Երևան տեղափոխվածների վիճակը տարբեր մարմնական վնասվածքներով, սալջարդներով, կոտրվածքներով՝ միջին ծանրության»:

«Հաղարծին» վանական համալիր տանող ճանապարհից ձորակն ընկած ավտոբուսում Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն են եղել: Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Վարդանյանի խոսքով՝ 5 ավտոբուսով են եղել. «Դիլիջան էինք գնացել 250 ուսանողով. գիտաճանաչողական այց դեպի Գոշավանք, Հաղարծին, վերջում ժամանց, բայց չարիքի առաջ կանգնեցինք ու Աստծով հիմա բոլորը լավ են: Յուրաքանչյուր ավտոբուսում մոտ 50 մարդ է եղել»:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձերբակալված չկա: