Մի քանի քրեական գործերով մեղադրյալ երրորդ նախագահի ազատությունը չի սահմանափակվի: Դատարանը մերժեց դատախազության միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:
Ինքը՝ երրորդ նախագահը դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ եթե իրեն անգամ մահապատժի ենթարկեն, երկրից չի բացակայի: Դատախազությունն էր օպերատիվ տվյալներ ստացել, որ երրորդ նախագահը պատրաստվում է լքել Հայաստանը:
«Ձեզ թվում է, որ ես նման եմ մարդու, ով կարա փախչի՞: Նույնիսկ, եթե ես վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի, էս իմ երկիրն ա, էս իրանց երկիրը չի, իմ երկիրն ա, ես իմ երկրից ո՞ւր փախչեմ», - ասաց երրորդ նախագահը:
Ապա, Սարգսյանն անդրադառնալով դատախազության ներկայացրած միջնորդությանը, նշեց. «Ի՞նչ օպերատիվ տվյալներ, այդ օպերատիվ տվյալներով ես արդեն պիտի փախած լինեի»:
Սերժ Սարգսյանը մեղադրյալ է մի քանի քրեական գործերով: Առաջին ատյանի դատարանում վառելանյութի հափշտակությունը կազմակերպելու գործով նա թեև արդարացվել էր, բայց դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ, վերջինս էլ բավարարել էր դատախազության բողոքն ու գործը հետ ուղարկել առաջiն ատյան՝ նոր քննության:
Սրանից բացի, երրորդ նախագահը մեղադրվում է նաև մի գործարքի համար, որը կատարել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Ըստ մեղադրանքի՝ նա Իսակովի պողոտայի տարածքում գտնվող հողամասերը վաճառել է շուկայականից բավականին ցածր գնով։ Մյուս գործն առնչվում է կաշառք ստանալուն, որը հարուցվել է գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա:
Նախկին նախագահը ոչ մի գործով էլ մեղքը չի ընդունում: