Հայտեր են գեներացվում Ռուսաստանից որոշակի ապրանքախմբեր Ադրբեջանով Հայաստան արտահանելու վերաբերյալ. Փաշինյան

Հայտեր են գեներացվում Ռուսաստանից որոշակի ապրանքախմբեր Ադրբեջանով Հայաստան արտահանելու վերաբերյալ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ անսպասելի ու դինամիկ զարգացումներ են տեղի ունենում, ամեն օր բան է փոխվում, որովհետև ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին: Հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի՝ այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ գիտեմ, որ հայտեր են գեներացվում, ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել Ադրբեջանով Հայաստան հասնելու համար՝ մինչդեռ ի սկզբանե նախատեսված Ղազախստանի շարժակազմը դեռ տեղ չի հասել: Այսինքն՝ մինչև հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ, ենթադրում եմ, որ գուցե էլի շարժակազմեր լինեն», - նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝ իրավիճակն անընդհատ փոփոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում. «Հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն՝ Հայաստանից Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան, կամ էլ այլ երկրներ»:

Վարչապետը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց Մարգարա-Կոռնիձոր և հակառակ երթուղով ապահովել ադրբեջանական և թուրքական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ:

Այսօր առավոտյան ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Շաբաթներ առաջ, Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տասն օր առաջ հայտարարել էր, որ ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են այս հարցը, և Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է Հայաստան