Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նորընտիր խոսնակ, աջակողմյան «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» (SPD) կուսակցության առաջնորդ Թոմիո Օկամուրան հրահանգել է հանել Ուկրաինայի դրոշը օրենսդիր մարմնի շենքից։ Նա անձամբ է մասնակցել դրոշի իջեցմանը, ապա այդ մասին տեսանյութ հրապարակել։
«Չեխիան՝ առաջին տեղում», -հայտարարել է Օկամուրան, ով մինչ այդ էլ բազմիցս քննադատել է Ռուսաստանի պատերազմից հետո Չեխիայի հանրային շենքերի վրա բարձրացված ուկրաինական դրոշները՝ խոստանալով իշխանության գալու դեպքում հեռացնել դրանք։
Օկամուրան խոսնակ էր ընտրվել նախօրեին՝ գաղտնի քվեարկությամբ։ Ավելի վաղ նրա կուսակցությունը կոալիցիա էր կնքել հոկտեմբերյան ընտրություններում հաղթած ANO շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշի և աջակողմյան մեկ այլ կուսակցության հետ։ Երեք կուսակցություններն էլ քննադատում են Ուկրաինային հատկացվող աջակցությունը և խոստանում են խստացնել պայքարը միգրացիայի դեմ։