Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտին՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ, ընդգծելով, որ դրանից հետո՝ Մոսկվայի միջնորդությամբ, ևս չորս հայտարարություն է ընդունվել, որոնք մինչ օրս մնում են ուժի մեջ։
Ողջունելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն միաժամանակ շեշտել է, թե տարածաշրջանի ապաշրջափակումը պետք է բխի բոլոր երկրների ու հարևանների շահերից։
«Բաքուն և Երևանը դեռևս շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը անշրջելի դարձնելու համար, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերից ելնելով տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը, պետական սահմանի արդարացի սահմանազատումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապերի հաստատումը», - հայտարարել է Մոսկվան, կրկին ընդգծելով, որ պատրաստ է շարունակել աջակցությունը այս ուղղությամբ, այդ թվում՝ 3+3 հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) շրջանակներում: