Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին ու Քննչական կոմիտե տեղափոխեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին:
Քննիչը հայտնեց, որ Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության համար:
Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Վերջինիս խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ Սիմոմյանը իրավապահներին հաղորդում է ներկայացրել վիրավորական արտահայտությունների, սպառնալիքների մասով, որպեսզի տրվի իրավական գնահատական:
Ձերբակալությունից առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձում էր մտնել Սամսոնյանի բնակարան և մասնակցել քննչական գործողություններին, սակայն դուռը նրա առջև այդպես էլ չբացվեց:
Փոդքաստի մյուս հաղորդավարը՝ Վազգեն Սաղաթելյանը ևս Ֆեյսբուքում գրել էր, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները իր տուն են մտել:
Փաստաբան Արսեն Բաբայանը լուսանկար է հրապարակել Վազգեն Սաղաթելյանի տան բակից, գրելով, որ իրեն ներս չեն թողնում մտնել: Ավելի ուշ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Սաղաթելյանին ևս ձերբակալում են:
Քննչական կոմիտեից հայտնել են միայն, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդում: