Ադրբեջանցի փորձագետը Երևանում վերահաստատում է Բաքվի նախապայմանը

Ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը Երևանում զրուցում է լրագրողների հետ, 22-ը սեպտեմբերի, 2025թ.

Մինչ Երևանը պնդում է, թե վաշինգտոնյան փաստաթղթերով հաստատվել է խաղաղություն, Բաքուն որևէ հարթակ բաց չի թողնում՝ առաջ տանելու խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Լրացնելով նախագահ Ալիևի հայտարարությունները՝ այդ պահանջն այսօր Երևանում հայաստանցի լրագրողների առջև հնչեցրեց ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը: Նա Հայաստան է եկել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի միջոցառմանը:

«Ադրբեջանն այլևս տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի Անկախության հռչակագրում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Եվ Բաքվի համար կարևոր է, որ դրանք վերացվեն: Դա է միակ խոչընդոտը՝ վերջնական խաղաղություն հաստատելու համար», - հայտարարեց Մուրադովը:

Բաքվում գործող վերլուծական կենտրոնի ղեկավարը պնդել է, որ եթե Անկախության հռչակագիրը մնա Սահմանադրության նախաբանում, ստեղծվելու են հնարավոր իրավական հիմքեր խաղաղության պայմանագիրը վերանայելու համար: Հայ լրագրողների դիտարկմանը, թե Ադրբեջանի Սահմանադրությունն էլ Հայաստանի նկատմամբ է տարածքային պահանջներ պարունակում, Մուրադ Մուրադովն արձագանքեց, որ նման բան չկա, Ադրբեջանն ընդամենը իրեն հռչակել է 1918-20 թվականների պետության իրավահաջորդ՝ առանց նշելու հստակ տարածքներ. - «Այն տարածքային որևէ հավակնություն չի պարունակում, դա ավելի շուտ պատմական ժառանգության խորհրդանշական կետ է»:

Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Երևանն արդեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընդունելու է նոր Սահմանադրություն՝ հերքելով, թե դա Բաքվի պահանջով է արվում:

Նախօրեին պատասխանելով հարցին՝ ի՞նչ կլինի, եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի, վարչապետն այդ սցենարը հնարավոր չհամարեց: «Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի, որովհետև, էլի եմ ասում, էս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության սնուցող մայրերի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի. վարչապետ

Սահմանադրությունը փոխելու կամ նոր մայր օրենք ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 600 հազար քվե:

Անդրադառնով Բաքվի մյուս պահանջին՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձին իրենց բնորոշած «Արևմտյան Ադրբեջան», Մուրադ Մուրադովը պնդեց, որ այդտեղ ևս տարածքային որևէ պահանջ չկա:

«Արևմտյան Ադրբեջանը» որպես համայնք հասարակական կազմակերպություն է, որ ներկայացնում է Հայաստանում ապրած մարդկանց շահերը: Դա մշակութային ժառանգությանն է վերաբերում», - հայտարարեց ադրբեջանցի փորձագետը:

Ադրբեջանի իշխանությունները միջազգային մի շարք կազմակերպություններում արդեն բարձրացրել են ադրբեջանցիների վերադարձի հարցը՝ գործընկերներին կոչ անելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի երկխոսություն սկսեն այդ մարդկանց հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կապ չունի Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի հետ». Ազիզ Ալեքբարլի«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը

Երևանում է նաև Միլի մեջլիսի նախկին պատգամավոր Ռամին Մամեդովը, Արցախի անկումից առաջ նա էր Ղարաբաղի իշխանությունների հետ Բաքվի գլխավոր բանակցողը: Նա ծնունդով Ղարաբաղից է, ապրել է Շուշիում մինչև քաղաքը հայերի վերահսկողությանն անցնելը: Մամեդովը դեռ չի շփվել լրագրողների հետ:

Թուրքիան ՆԱՏՕ-ի միջոցառմանը ներկայացնում է պատգամավոր Ֆաթմա Աքսալը: Նա հայ լրագրողներին ասում էր, թե շատ ուրախ է տեսնել, որ Երևանն ու Բաքուն խաղաղություն են հաստատել, բայց չէր արձագանքում, թե ինչու չեն բացում սահմանը, միայն հույս հայտնելով, որ դա տեղի կունենա. - «Բանակցությունները շարունակվում են ցամաքային սահմանը բացելու հարցով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրք պատգամավորը չի կիսում տեսակետը, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով տարածքային պահանջ է դրվում ՀՀ-ի դիմաց

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Թուրքիայի ներկայացուցիչն այցելեց Երևան, բանակցությունների արդյունքներով, սակայն, սահմանի բացման մասին չհայտայտարարվեց: Ավելին, դեռ թղթի վրա է շուրջ երեք տարի առաջ ձեռք բերված խորհրդանշական պայմանավորվածությունը՝ շուրջ երեք տասնամյակ փակ սահմանը բացել դիվանագետների ու երրորդ երկրների քաղաքացիների համար: Փոխարենը, Անկարան կրկնեց պայմանը՝ Երևանը նախ պետք է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6 հանդիպում և 3 տարի թղթի վրա մնացած պայմանավորվածություններ. Երբ կբացվի Թուրքիայի հետ սահմանը


Բայց Հայաստանում ավելի լավատես են:

«Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք նաև ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով նաև՝ Եվրոպական միության հետ», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Թուրքիայի արտգործնախարարն էր ավելի վաղ հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորագրեն հաջորդ տարեսկզբին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին