ԱԳ փոխնախարար. «Հայաստանի տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա և չի կարող լինել»

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 9-ը հոկտեմբերի, 2025թ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ, այդ թվում՝ կոմունիկացիոն պրոյեկտ, չկա և չի կարող լինել: Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: Փոխնախարարը պնդում էր՝ նույնը ադրբեջանցիներին են ասում:

Չնայած Ալիևն իր ստորագրությունն է դրել վաշինգտոնյան այն հռչակագրի տակ, ըստ որի Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապող հատվածը «Թրամփի ուղի» կոչվեց, բայց Հայաստանի վարչապետի հրապարակային դժգոհությունից, Փաշինյան-Ալիև՝ մի քանի օր առաջ կայացած դեմ առ դեմ հանդիպումից հետո էլ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները չեն հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» տերմինն օգտագործելուց: Երևանը, որ մինչև վերջերս տարածքային պահանջներ էր տեսնում այս հայտարարություններում, հիմա հավաստիացնում է՝ «տվյալ խոսույթը չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին»։

Փոխարտգործնախարար Կոստանյանն այսօր ասում էր՝ վաշինգտոնյան հանդիպումից հետո նկատվող դրական դինամիկան հույս և վստահություն է ներշնչում, որ խաղաղության գործընթացը դրական ուղով կընթանա:

Հայտարարությունը հնչեց հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Ալիևից ստացել են հավաստիացում, որ այլևս խաղաղություն կլինի:

«Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին դրա մասին, որ մենք մտնում ենք կայուն և խաղաղ ժամանակաշրջան», - ասաց Կոստանյանը;

Մինչ Դուշանբեում հավաքվում են ԱՊՀ երկրների ղեկավարները, վարչապետ Փաշինյանը Բրյուսելում մասնակցում է «Գլոբալ գեյթվեյ» միջազգային համաժողովին։ Բայց դատելով ծրագրվող գործուղումների ժամանակացույցից՝ Փաշինյանը ևս կմիանա ԱՊՀ գործընկերներին: Կառավարությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել վարչապետի հանդիպումների մասին, մասնավորապես՝ արդյո՞ք ծրագրված է հանդիպում Տաջիկստանի մայրաքաղաքում գտնվող Ադրբեջանի նախագահի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ից առաջարկում են չքննարկել և հարցեր չտալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառման վերաբերյալԲաքուն կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքից», Երևանը պնդում է՝ դա չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին«Հորադիզ-Զանգելանը» երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք». Փաշինյանը պարզաբանել է Ալիևի մտքերըՓաշինյան. «Զանգեզուրի միջանցք» չկա, չի եղել և չի լինի Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթղթումՈրևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից. Փաշինյան«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից». Փաշինյան