Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը Իսրայելին կոչ է անում վերջ տալ Գազայում աղետին՝ սովին, որի հետևանքով առնվազն 370 մարդ է մահացել։
«Սա աղետ է, որը Իսրայելը կարող էր կանխել և կարող էր դադարեցնել ցանկացած պահի», - հայտարարել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ընդգծելով, որ «քաղաքացիական բնակչությանը սովամահ անելը պատերազմական հանցագործություն է, որը երբեք չի հանդուրժվի»։
Անցած ամիս ՄԱԿ-ը պաշտոնապես արձանագրեց՝ Գազայում համատարած սով է:
ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ղեկավար Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ սնունդը չի հասնում պաղեստինյան տարածք՝ «Իսրայելի կողմից համակարգված խոչընդոտների պատճառով»։
«22 ամիս տևած չդադարող հակամարտությունից հետո Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ բախվում է աղետալի պայմանների՝ սով, աղքատություն, մահ», - ասված է ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցում։
Մարտից ի վեր Իսրայելն արգելում է օգնության մատակարարումները Գազա, ինչն, ըստ միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, հանգեցրել է սննդի, դեղորայքի և վառելիքի լուրջ պակասի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ն ահազանգում է Գազայի սննդի բաշխման կետերում պաղեստինցիների «բռնի անհետացման» մասին