«Ամուսնուս առևանգել են, դաժանաբար ծեծել» ու Կադաստրի պետի անունը նշել. կոմիտեի նախկին աշխատակից

Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանը պնդում է՝ ամուսնուն առևանգել են, տարել Լուսակերտ, մի ամայի տարածքում դաժանաբար ծեծել:

«Հարվածները անդադար սկսել են, մինչև ուշքը գնացել է, չի հիշում՝ ինչքան են ծեծել, ով է ծեծել», - «Ազատությանը» պատմեց Միքայելյանը:

Նրա խոսքով՝ դեպքը սեպտեմբերի 14-ին է եղել: Վերոնիկա Միքայելյանը վստահ է՝ ամուսնու հետ հաշվեհարդար են տեսել իր նախկին ղեկավարի՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հրահանգով:

«Ծեծի ընթացքում անընդհատ ասել են՝ «դե Սուրոյին էիր էս ասում, դե կեր, դե ստացիր»: Դրա համար ակնհայտ է, որ իր պատվերն էին կատարում», - պնդեց նա:

Վերոնիկա Միքայելյանը չցանկացավ տեսանկարահանվել, ամուսինն էլ չհամաձայնեց խոսել: Անգամ չցանկացավ, որ ազգանունը նշենք:

Վերոնիկա Միքայելյանը մինչև սեպտեմբերի 9-ը Կադաստրի կոմիտեի արտաքին կապերի վարչությունում է աշխատել՝ որպես ավագ մասնագետ: Նրա ծառայությունը դադարեցրել են խիստ նկատողություններից ու ծառայողական քննությունից հետո: Աշխատանքից ազատելու որոշումը վրդովվեցրել է ամուսնուն, զանգել է կնոջ վերադասին՝ Սուրեն Թովմասյանին, նա չի պատասխանել, ապա ձայնային հաղորդագրություններ է ուղարկել:

«Հաղորդագրությունների բովանդակությունը չեմ ուզում հրապարակել, բնականաբար շնորհակալություն չէր հայտնելու», - ասում է կինը:

Օրեր անց էլ ամուսնուն առևանգել են:

Սուրեն Թովմասյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Վարչապետ Փաշինյանի որոշմամբ է նշանակվել այս պաշտոնին 2019 թվականին: Վերոնիկա Միքայելյանի ամուսինն էլ է նախկինում Կադաստրի կոմիտեում աշխատել ու Թովմասյանի հետ տարաձայնությունների պատճառով մի քանի տարի առաջ ազատման դիմում է գրել: Հետո, ըստ Վերոնիկայի, իրեն են թիրախավորել: Այս դեպքից ամիսներ առաջ էլ ոմն Ռոման է Սուրեն Թովմասյանի անունից եկել ՝ ամուսնու հետ բարեխոսելու, որ իրավիճակը հարթվի, կինն էլ դիմում գրի, գնա: Հենց այդ միջնոդին էլ, ըստ Վերոնիկա Միքայելյանի, հաշվեհարդար տեսնողների խմբում նկատել է:

«Սուրան Թևոսյանի անունից եկել էր Ռոմանը, ամուսինս այն ժամանակ էլ իր հետ լարված խոսակցություն էր ունեցել: Երբ հասել են տեղ, այդ ընթացքում տեսել է այդ անձնավորությանը, որը Սուրեն Թովմասյանի կողմից մի քանի ամիս առաջ էլի եկել էր ամուսնուս հետ ռազբորկաների Սուրենի հրահանգումով, դրան է ճանաչել: Նրան հենց ճանաչել է, անմիջապես հասկացել է, որ ծուղակն է ընկել Սուրենի կողմից լարված», - պատմեց կինը:

Ամուսնուն, ասաց, խաբելով են հասցրել իրենց ուզած վայրը, ապա մեքենայից իջեցրել ու 40-50 հոգով ծեծել, այդ ընթացքում Սուրեն Թովմասյանի անունն են տվել, մեկն էլ, հավելեց, ասել է, թե Կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի եղբայրն է:

Ամուսնուն այնպես են հարվածել, որ աչքերն են վնասվել, քիթը, կողերը կոտրել, դեմքի ու մարմնի տարբեր հատվածներ են վնասվել: Այս ամենը հաստատվել է բժշկական հետազոտությամբ: Ամուսինը դեպքից հետո հիվանդանոց է տեղափոխվել, հիմա բուժումը տանն է շարունակում:

«Ուժեղ արյուն էր գալիս աչքերից, ամենաուժեղ հարվածը աչքերին էին հասցրել: Չի կարելի էլի, ես չգիտեմ՝ ինչ սադիստներ են եղել», - ասաց Վերոնիկա Միքայելյանը, որը ոստիկանություն է ահազանգել:

Քննչական կոմիտեում գործ է հարուցվել ծեծի ու առևանգման հոդվածներով: Չնայած տուժողները հրապարակային անուններ են հնչեցնում, դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Կասկածյալների մասին էլ Քննչականից ոչինչ չեն հայտնում:

Կադաստրի պետական կոմիտեից հերքում են Սուրեն Թովմասյանի ու Մհեր Խաչատրյանի առնչությունն այս միջադեպին, այլ մանրամասներ չեն հայտնում, քանի որ նախաքննություն է:

«Հավատում եմ, որ գործը բացահայտվելու է, հանցագործը պատժվելու է: Մի հատ թող Սուրեն Թովմասյանի հեռախոսը առգրավեն, ամեն ինչ պարզ կլինի», - ասաց Միքայելյանը:

Արդյոք Կադաստրի կոմիտեի ղեկավարին ու գլխավոր քարտուղարին հարցաքննել են՝ Քննչականից չեն հայտնում: Այս պատմությանը իշխող «Քաղաքացիական պայմանագրից» էլ դեռ չեն արձագանքել: