Արեգնազ Մանուկյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյան, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը հայտարարում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

«Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել:
Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը», - Ֆեյսբուքում գրել է Մանուկյանը:

Համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն հայտնելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իր ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին, «բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են օրվա ապազգային իշխանության դեմ մեր պայքարի առաջնագծում», ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է. - «Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել»: