Արմեն Խաչատրյան. Եթե ԱԱԾ տնօրենը Բաքվում հնարավորություն ունենա, անպայման կտեսակցի հայ գերիներին

Ինչքան Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունները նորմալիզացվեն, դա էդքան կնպաստի նաև մեր գերիների վերադարձին», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր. խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Եվ հարաբերությունները պետք է նորմալիզացվեն շատ դեպքերում առանց նախապայմանի, և չեմ ընդունում ընդդիմադիրների ասածը, որ պետք է նախապայմանի լինի, հետո հարաբերություններ սկսեն: Եթե նախապայմաններ դնենք, որևէ հարաբերություններ չի սկսվելու, իսկ դա մեր գերիներին էլ վնաս է լինելու», - ասաց Խաչատրյանը՝ արձագանքելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի Բաքու այցի կապակցությամբ ընդդիմության քննադատության:

«Իսկ ըստ Ձեզ՝ պե՞տք է, օրինակ, ԱԱԾ տնօրենը գոնե փորձի նրանց տեսնել, տեսակցելու հնարավորություն ունենալ», - «Ազատության» այս հարցին էլ իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Եթե այդ հնարավորությունը նա ունենա, հաստատ նա կանի դա»:

«Մի բան հաստատ է, որ եթե հնարավորություն ունենա ինչ-որ տեղ օգնելու գերիների հարցը լուծելու, անպայման նա դա անելու է, դա առաջնային հարց է բոլորի համար», - ընդգծեց Խաչատրյանը:

ԱԱԾ տնօրենը երեկ է երկօրյա այցով մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Ադրբեջանում այժմ 23 հայ գերի է պահվում, նրանց առաջադրված են ծանր մեղադրանքներ, ընթանում են դատավարություններ: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագում գերիների վերադարձի մասին կետ չկա, բայց իշխանությունից վստահեցնում են՝ դրանով զբաղվում են ամենօրյա ռեժիմով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԱԾ տնօրենը երկօրյա այցով մեկնում է Բաքու. ընդդիմության և իշխանության գնահատականը