Գիշերը կատաղի մարտեր են տեղի ունեցել Պակիստանի և Աֆղանստանի 2600-կիլոմետրանոց սահմանի առնվազն հինգ հատվածներում, կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:
Պակիստանի զինված ուժերը հայտարարել են, որ սպանել են ավելի քան 200 աֆղանստանցի զինվորների, իսկ վիրավորների թիվը շատ ավելի մեծ է: Պակիստանյան կողմից, ըստ զինված ուժերի հայտարարության, զոհվել է 23 զինծառայող, վիրավորվել՝ 28-ը:
Քաբուլում «Թալիբան»-ի կառավարության խոսնակ Զաբիուլա Մուջահիդը հայտարարել է, թե փոխհրաձգության ընթացքում սպանվել է առնվազն 58 պակիստանցի զինծառայող, շուրջ երեք տասնյակը վիրավորվել են: Մուջահիդը հայտնել է նաև, որ աֆղանական կողմից զոհվել է 9, վիրավորվել՝ 18 զինծառայող:
Պակիստանյան աղբյուրների հավաստմամբ՝ Աֆղանստանի տարածքում «Թալիբան»-ի մի շարք սահմանային հենակետեր են ոչնչացվել, կիրառվել է հրետանի, տանկեր:
Պակիստանի անվտանգության ուժերից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ կան սահմանամերձ շրջանները լքող քաղաքացիական անձինք:
Երկու կողմերն էլ պնդում են, որ հակառակ կողմն է սկսել բռնությունները, իսկ իրենք պատասխան գործողությունների են դիմել:
«Ոչ մի զիջում չի լինելու Պակիստանի պաշտպանության հարցում, և յուրաքանչյուր սադրանք ստանալու է ուժեղ և արդյունավետ պատասխան», - հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը՝ Աֆղանստանի թալիբ կառավարիչներին մեղադրելով «ահաբեկչական տարրերին» իրենց տարածքն օգտագործել թույլ տալու մեջ:
Աֆղանստանը կառավարող «Թալիբան»-ը հաղորդել է պակիստանյան զինուժի կենտրոնների դեմ իր ուժերի «հաջող գործողությունների մասին` ի պատասխան Աֆղանստանի օդային և ցամաքային սահմանների շարունակական խախտումների»: Ըստ պաշտպանության նախարարության՝ գործողությունն ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին:
Այնուհանդերձ, Կունհար, Նանգարհար, Պակտիա, Խոստ և Հելմանդ նահանգների թալիբ հրամանատարները հաղորդել են, որ որոշ բախումներ շարունակվում են:
Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ: