Աշխատող քաղաքացին այլևս չի տուգանվի եկամուտների հայտարարագիր չներկայացնելու համար։ Կառավարությունը գրեթե մեկ տարի անց վարչական պատասխանատվությունն օրենքից հանելու նախագիծ ընդունեց, քանի որ հանվեց էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագիր լրացնելու պարտադիր պահանջը։ Եթե Պետական եկամուտների կոմիտեն տեսնում է, որ քաղաքացին աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի, համակարգը ինքնաշխատ լրացնում է տվյալները։ Հայտարարագիրը համարվում է ներկայացված։
«Շատ կարևոր է, որ տվյալների վերլուծության հիման վրա մենք որոշումներ կայացնենք», - ասաց վարչապետ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը սիրաշահո՞ւմ է քաղաքացիներին՝ եկամուտների հայտարարագրումը պարզեցնելովՎարչապետն այսօր ասաց՝ վերլուծել ու պարզել են, որ հայտարարագիր ներկայացրածների 61 տոկոսը որևէ փոփոխություն չի արել համակարգի ինքնաշխատ լրացրած տվյալներում, որոնք կառավարությունն արդեն իսկ ունի: Եվս 18 տոկոսը միայն վարկերի և փոխառությունների մասին է տվյալներ ավելացրել, ինչը կառավարությունն առաջարկում է ինքնուրույն ստանալ բանկից՝ քաղաքացու համաձայնության դեպքում։
«Այստեղից հարց առաջացավ. եթե այսպիսինն է վիճակագրությունը, ինչի ենք մենք մարդկանց 79 տոկոսին ասում, որ մտեք հայտարարագիրը լրացրեք, երբ ինքնաշխատ ձևով այդ հայտարարագիրը լրացված է», - ընդգծեց Փաշինյանը։
Տարեսկզբին վարչապետ Փաշինյանը խոստանում էր՝ համակարգը կպայքարի կոռուպցիայի և ստվերի դեմ, կօգնի քաղաքացիների սոցիալական վիճակը բացահայտել։ Մայիսի 1-ի վերջնաժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Ավելացրին նաև սոցիալական արտոնություններ՝ կրթական և առողջապահական ծախսերի համար մինչև 100 հազար դրամ հետվերադարձի հնարավորությամբ։
Արդյունքում աշխատող քաղաքացիների միայն 18 տոկոսը հայտարարագրեց իր եկամուտները։ Ակնկալվում էր 700 հազար, հայտարարագրվեց միայն 130 հազարը։
Եկամուտը թաքցրած քաղաքացիների համար քրեական պատասխանատվությունը շարունակում է գործել
Դեռ գարնանը վարչապետն ասում էր՝ զիջումներ չեն լինի, ժամկետներ չեն հետաձգվի, բոլորը պետք է հայտարարագրեն՝ առանց բացառության։
Այսօր կես միլիոնից ավելի քաղաքացիներ իրավունք ստացան համակարգ մուտք չգործել։ Կառավարության անդամները շեշտում են՝ վարչական պատասխանատվությունից ազատվեցին, բայց հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը մնում է։ Լրացուցիչ եկամուտը թաքցրած քաղաքացիների համար քրեական պատասխանատվությունը շարունակում է գործել։
«Եթե որևէ պահի ի հայտ եկավ, որ մարդը պետք է տվյալ լրացներ և չի լրացրել, այդ դեպքում, արդեն, հարաբերությունների կարգավորման բոլորովին ուրիշ տրամաբանություն է գործելու՝ մեր ունեցած օրենսդրության համաձայն։ Մեր օրենսդրությունն, իհարկե, ասում է, որ այն պահին, երբ քաղաքացին այդ պարտավորությունները կկատարի, հարցերը համարվում են լուծված», - հայտարարեց Փաշինյանը։
Ընդդիմությունը համակարգն ի սկզբանե ձախողված էր համարել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր՝ կառավարությանը շահեկան չէ ընտրություններին ընդառաջ հանրությանը տուգանքի մատերիալ դարձնել:
«Քաղաքացիներին տուգանքի մատերիալ դիտարկելն է։ Համակարգը, որ այդքան գովերգում էին, մեռելածին էր, ի սկզբանե անիմաստ, մերժված հանրության կողմից։ Իրենք փաստին առնչվեցին՝ մինչև վերջին օրը ձգելով այս պահանջը, հասկացան, որ նախընտրական փուլում հակադրվում են ողջ հանրության հետ և պոպուլիստ իշխանությունը պետք է արագ հետքայլ աներ, ինը արեց», - ասում է Ավետիսյանը։
Միայն առողջապահության և կրթության սոցիալական ծախսեր, ինչպես նաև չարտացոլված եկամուտներ ունեցողների համար պարտադիր է հայտարարագրերի վավերացումը, այլապես կառավարությունը հետվերադարձ չի ապահովի։ Ընդդիմության կարծիքով հայտարարագրել են հիմնականում սոցիալական կրեդիտների ակնկալիքներ ունեցող քաղաքացիները։