Ավինյանը 1.5 տարի առաջ հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ վկայի կարգավիճակով: Այս մասին Ավինյանը հայտնեց այսօր ասուլիսի ժամանակ:

«Այն ինֆորմացիան, որ ես ունեի, ամբողջապես փոխանցել եմ իրավապահ մարմիններին», - ասաց նա:

Միլիարդավոր չարաշահումների ու վատնումների կենտրոնում հայտնված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին առնչվող քրեական գործից ավելի քան 1 տարի անց մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի ու դուստր ընկերության նախկին տնօրեններին։

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը մեղադրյալ է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը մեղադրվում է երկու՝ փաստաթղթերի ու ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ Գլխավոր դատախազության՝ գործով մեղադրյալ է նաև «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը։

Ավինյանն անդրադարձավ այս գործով քննվող փողերի լվացման դրվագին՝ նախ հիշեցնելով, որ ԱՆԻՖ-ը համագործակցում էր ամերիկյան «Օրբիս» ընկերության հետ։

«Իմ պատկերացմամբ՝ դա կարող է իրականացվել մի պարզ պատճառով, որովհետև CFW ընկերությանը, որը հիմնադրվել է ԱՆԻՖ-ի և երկու ընկերությունների կողմից, «Հայք», եթե չեմ սխալվում, մյուսը կոչվում է «Արարատ», ԱՄՆ-ում են գրանցված «Օրբիսի» կողմից։ Երկու ընկերությունների և «Օրբիսի» կապը մեր քննչականի գործընկերները երևի չունեն, բայց առաջարկում եմ «Արմբրոկ» ընկերություն հարցում անել կամ դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգներին կամ նույն «Օրբիսին» և այս հատվածը պարզաբանել», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՆԻՖ-ից խոշոր ներդրումներ՝ հիմնադրամի բարձրաստիճան ղեկավարների ընկերների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերություններում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային հետախուզում ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ

Ավինյանը չհամաձայնեց այն գնահատականի հետ, թե ֆոնդն անարդյունավետ էր:

«ԱՆԻՖ-ի դեպքում քննությունն անելն այնքան էլ պարզ չէ, որովհետև ԱՆԻՖ-ն, օրինակ, այն տեսակի գործարքներ էր անում, որ կարող է ՀՀ-ում առաջին անգամ լիներ, օրինակ՝ սվոպ օպցիոնով պայմանագիր: <> Այսինքն՝ այդտեղ իրականում երբ ուզում ես քննես, պետք է շատ, երկար ու մանրամասն քննես, որը հիմա է տեղի ունենում», - հավելեց խորհրդի նախկին նախագահը:

Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ում Ավինյանի դասընկերոջ և կնոջ ընկերուհու աշխատելուն, ապա քաղաքապետն ասաց, որ ծրագրերի ղեկավար Կարինե Անդրեասյանի հետ ինքն ու իր կինը ծանոթացել են նշանակման տարին: Ավինյանի խոսքով՝ Անդրեասյանին ընտրել են ամերիկացի գործընկերները:

«Երբ տիկին Անդրեասյանն ինձ զանգահարեց ու ասաց, որ սենց պրոցես է տեղի ունեցել, ես ասացի՝ Կարինե ջան, եթե դու վստահ ես, քանի որ ոլորտի մասնագետ չես, ինքն ասաց, որ վստահ է», - պատմեց նա:

Իր դասընկերոջ պաշտոնավարման մասին էլ ասաց, որ Դմիտրի Ալեկսեյենկոն հաջողական գործարար է, իր մոտ ընկերը չէ:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ էր տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի Ալեկսեյենկոն է։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միջոցով։

«Մարդը, ով ունի գործող բիզնես, ով հաջող է ի բիզնեսում, ասում է՝ ես պատրաստ եմ իմ բիզնեսի որոշակի փայ տալ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությանը և ակնկալում եմ որոշակի ներդրում իմ բիզնեսում, հիմա հարց՝ եթե այդ մարդը բիզնեսմեն է մինչև դա, հաջողակ բիզնեսմեն է, եթե այս հնարավորությունը ստեղծված է, ... ամենակարևոր հարցը՝ անարդյունավե՞տ է ինչ-որ բան օգտագործել, այսինքն՝ ԱՆԻՖ-ը չի տուժել, պետությունը չի տուժել», - այսօր ասաց Ավինյանը:

Երևանի քաղաքապետն ասուլիսի ընթացքում նաև հերքեց լուրերը, թե ինքն ու իր ընտանիքը հարստացել են իր՝ պաշտոնն ստանձնելուց հետո:

«19-ամյա Տիգրան Ավինյանը, նստած իր «Մեսրսեդես ջիպի» մեջ, չէր մտածում, որ ֆինանսական հաջողությունների խնդիր ունի ինքը, Ավինյանի հայրն էլ չէր մտածում, ով որևէ մցրույթի տենդեռի չի մասնակցել», - այսօր ասուլիսին ասաց նա:

Ավինյանը նշեց, որ իր և իր ընտանիքի ունեցվածքը վաստակել են «արդար քրտինքով»:

Այս տարվա սկզբին լրատվամիջոցները գրեցին, որ Նորք-Մարաշ համայնքում Ավինյանները եռահարկ առանձնատուն են գնել: Կադաստրի կոմիտեի փաստաթղթերով՝ պաշտոնապես տան սեփականատերը քաղաքապետի մայրն է՝ Հասմիկ Խլղաթյանը:

Տան գնի մասին լրատվամիջոցները տարբեր թվեր էին հրապարակել՝ 500-ից մինչև 650 հազար դոլար: Ավինյանի հայր, ըստ «Հետք»-ի, 1000 քմ հողամասը ձեռք է բերել շուկայական արժեքից տասնապատիկ ցածր գնով, գույքի վաճառողը փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի հայրն է եղել։

«Ազատության» հետ զրույցում քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը, պնդել էր, որ արժեքի մասին հրապարակված թվերը չափազանցված են:

«Հետք»-ը նախորդ ամիս գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ընթացքի մեջ է Երևանի քաղաքապետի հոր առանձնատան կառուցումը, իսկ 2018 թ․-ին Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, դարձել է «Էտալոն Գ․Ա․Մ․Ա․» ՍՊԸ-ի 100% բաժնետեր։ Ըստ «ՍիվիլՆեթի»՝ այդ ընկերությունը ձեռք բերելով՝ Խլղաթյանը դարձել է Էջմիածին համայնքում գտնվող 9 հա հողատարածքի սեփականատեր։