Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին: Դրա ընդունմանը դեմ էին հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, հենց նրանք էլ մեծամասնություն են հանձնաժողովում:
«Կոչ եմ անում ձեզ՝ դեմ քվեարկել նշված նախագծին, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը այլ ընթացակարգով է անցնում, այլ իրավական ընթացակարգով, տիկին Մկրտչյան, իսկ այս հայտարարությունը, որը անհրաժեշտ է լսումները կազմակերպելու համար, մենք ընդունել ենք ի գիտություն», - ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Խորհրդարանի թվով ամենափոքր ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագիծը գլխադասային հանձնաժողովում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները մոտ երեք ժամ քննարկեցին: Հիմնավորումները, որոնք շարադրված են հայտարարության նախագծում, ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ, գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի հիմնական ձախողումներն են:
«Այստեղ ներկայացված են բացառապես ամենաաղաղակող, ամենաշատ ցավ և խնդիրներ մեր երկրի համար առաջացնող փաստերը», - նշեց Հայկ Մամիջանյանը:
Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ խարխլված է ազգային անվտանգության համակարգը՝ Արցախը կորսված է, գերիների հարցը՝ չլուծված, Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ խաթարված, տապալված է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգը: Դաշնակիցների հետ վատթարացած են հարաբերությունները, իսկ միակողմանի զիջումներն էլ, ընդդիմադիրների գնահատմամբ, Հայաստանը դարձրել են խոցելի: Վարչապետի անվստահություն հայտնելու նախագծում նշվում է նաև ժողովրդավարության նահանջի, ծաղկող կոռուպցիայի, հովանավորչության մասին:
«Ես առաջարկում եմ հայտարարությունը անվանել հետևյալ կերպ՝ «8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության ճգնաժամի և ընդդիմադիր գործունեության ձախողման մասին» նախագիծ», - հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:
«Ձեր առաջարկը չի ընդունվում՝ վերնագրի փոփոխության, պարոն Վարդանյան», - հակադարձեց Հայկ Մամիջանյանը:
Վարչապետին մեղադրելով Հայաստանի ներքին և արտաքին հարցերում ձախողումների համար՝ «Պատիվ ունեմ»-ը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը: Որպես ելք՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները տեսնում են վարչապետին անվստահություն հայտնելու տարբերակը:
Մոտ երկու շաբաթ առաջ այդ օրակարգով նաև խորհրդարանական լսումներ անցկացվեցին: Հենց այդ օրը հանգուցալուծվեցին նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև եղած և ամիսներ շարունակված տարաձայնությունները վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգին միանալ-չմիանալու շուրջ: Բայց գործընթացը դրանից հետո էլ տեղից դեռ չի շարժվում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան, արխիվ
«Հայաստանի Հանրապետության օրենքներով՝ իմփիչմենթի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում, և քվեարկվելու, բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ: Մենք նման բան թույլ տալ չէինք կարող, մենք չէինք կարող նմանօրինակ կարճատես, անհեռատես քայլ անել», - հայտարարեց Մամիջանյանը:
Վարչապետին անվստահություն հայտնելու համար ընդդիմադիր խմբակցությունները մասին ունեն 34 ձայն, այն խորհրդարանում կարող է քննարկվել, եթե 36 ստորագրություն լինի փաստաթղթի տակ: Իսկ վարչապետին հանելու և նոր վարչապետ ընտրելու համար 54 ձայն է անհրաժեշտ:
Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշում է, թե երբ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները կմիանան այս նախաձեռնությանը:
«Պարտադիր իմփիչմենթի գործընթացը առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չի, և դա իշխանության ներկայացուցիչները գիտեն, և, եթե ուշադիր լսեիք, այդ հարցի մեջ վախը այդ իրողությունից նկատվում էր: Այո, դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետին անվստահություն հայտնելու, և հենց այդպես էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին», - վստահեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է այսօր քննարկված և մերժված հայտարարության նախագծին, թեև այն ստացավ բացասական եզրակացություն, բայց կքննարկվի նաև առաջիկա քառօրյային: