Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դատավարությունը: Այն այս անգամ ևս փոքր միջադեպերով ուղեկցվեց, ինչպես նախորդ դատական նիստին էր։
Հանրային մեղադրողը սրբազանի մասին խոսելիս ասաց «պարոն Գալստանյան», ինչը դուր չեկավ արքեպիսկոպոսին:
«Այս դահլիճում պարոն Գալստանյան չկա, ու այդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք», - ասաց արքեպիսկոպոսը:
Միջադեպը շարունակվեց նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո։
«Սրբազանը և անձամբ ես առաջին դատերին խնդրեցինք, որ այստեղ Բագրատ սրբազան է, այլ ոչ թե Վազգեն Գալստանյան (սրբազանի աշխարհիկ անունը՝ Վազգեն-խմբ.), Դուք ընդունեցիք ի հարգանքս Ձեզ, և ասացիք, որ այն հարցը, որ չվերաբերվի գործին, մենք այդպես կդիմենք ու այդպես դիմել եք, որի համար շատ շնորհակալ ենք։
Բայց մեր մեղադրողները, որ այսօր այս կեղծ, շինծու գործով արդարներին մեղադրել են, զրկել են ազատությունից, իրենց երեխաներից, ծնողներից, փոխանակ գան, սուս ու փուս նստեն, հլը մի հատ այն օրը մեկ այլ տղա է ասում, ասում է՝ արա նստի տեղդ», - ասաց նա։
Պատգամավորը հորդորեց դիմել «Բագրատ սրբազան»: Նրա ելույթը ընդհատվեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գաղտնալսել են նաև բանտախցում. Բագրատ սրբազանը իրավապահներին մեղադրեց կողմնակալության մեջՄոտ երկու ժամ տևած դատավարության ընթացքում, ըստ էության, մեկ հարց քննարկվեց։ Մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին դիմեց՝ խնդրելով դադարեցնել քրեական հետապնդումը։
«Օրենսդիրը, ըստ էության, տվյալ միջնորդության հարուցման հիմքում դրել էր փաստերի ակնհայտությունը։ Այսինքն՝ այստեղ պահանջվում է այն աստիճան ակնհայտ փաստակազմ քրեական հետապնդումը դադարեցնելու առումով, որ այլևս ապացույցների բովանդակային հետազոտության կարիքը չառաջանա։ Տվյալ պարագայում Արմեն Ալեքսանյանի մեղադրանքի հիմքում դրված են երկու փաստական տվյալներ, որոնցից որևէ մեկը հետազոտության կարիք չունի ստորև բերված հիմնավորումներով», - ասաց Կոչուբաևը։
Նա նշեց, որ դրանցից առաջինը գաղտնալսման արձանագրությունն ու վերծանումն է, որտեղ Արմեն Ալեքսանյանը ամբողջ գործի ընթացքում որպես ֆիգուրա կա երկու անգամ:
«Մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում և խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին։ Սա ապացույց մեկ, և ապացույցը երկու՝ իր տիկտոկյան էջի ձվածեղի տեսանյութի պատրաստման տեսանյութն է։ Մինչդեռ մեղսագրված է ամբողջ 18 արդարներին այն, ինչ որ մեղսագրված է, այսինքն՝ և՛ ահաբեկչություն, և՛ իշխանության զավթման փորձ», - նշեց փաստաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով նիստին փաստաբանը բացարկ հայտնեց դատախազներին, այն մերժվեցԸստ նրա՝ ակնհայտ է, որ այդ տեսանյութը որևէ ձևով չէր կարող «ահաբեկչությանը նախապատրաստել կամ իշխանության զավթմանը»։ Կոչուբաևը հավելեց՝ Արմեն Ալեքսանյանը կալանքի տակ է բացառապես Բագրատ սրբազանին սատարելու և «գզգզված մազերով չուչելի լայվին նախապատրաստության համար»։
Դատավորը մերժեց քրեական հետապնդումը դադարեցնելու այս միջնորդությունը, նշեց նաև, որ հարցին կանդրադառնան դատավարության այլ փուլում, երբ սկսեն ուսումնասիրել այս գործի հիմքում դրված ապացույցները, այդ թվում նաև տեսանյութերը։
Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությամբ հանդես եկավ նաև Բագրատ Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նա կրկին խոսեց Քննչական կոմիտեի հրապարակած, իրենց բնորոշմամբ, «ապացույցների» մասին, շեշտելով, որ դրանք առհասարակ ապացույցներ չեն:
Խուդոյանը հավելեց՝ այս գործն ի սկզբանե կեղծ է և պետք է փակել։
Դատավարության վերջում պարզ դարձավ, որ վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը և տնային կալանք է տվել այժմ կալանավորված, այս գործով մեղադրյալ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին։
Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու մյուս 17 անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության համար: Գլխավոր դատախազը հայտարարել էր ծանրակշիռ ապացույցների մասին և ընդգծել՝ խումբը պետք է հասներ ընդհուպ վարչապետին։