Բաքվի դատարանում «Հայաստանի կողմից վարձկաններ ներգրավելու փաստաթղթեր» են հրապարակվել

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը

Բաքվի դատարանը հայերի դեմ գործի քննության շրջանակում «փաստաթղթեր» է հրապարակել իբր Հայաստանի կողմից վարձկաններ ներգրավելու վերաբերյալ։

2020-ի հոկտեմբերի 24-ով թվագրվող թղթերից մեկն, ըստ ադրբեջանական աղբյուրների, այն մասին է, որ հայկական կողմը փորձել է արտասահմանցիների ներգրավել, կառավարությունն ու սփյուռքի կազմակերպությունները հայկական համայնքների անդամներին հորդորել են անհապաղ միանալ ռազմական գործողություններին։

Ադրբեջանական կողմը նրանց որպես «զինյալ ահաբեկիչներ» է ներկայացնում:

Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, ռեպորտաժներ է պատրաստում միայն պետական «Ազերթաջ»-ը, որի հաղորդած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ներկա են լինում հայերի դատերին, երբ Ադրբեջանն է դա թույլ տալիս». իրավապաշտպան Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել է ադրբեջանցու մեղադրանքըԵվրոպական դատարանը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջում