Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հաղորդում են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների դեմ շարունակվող դատավարության հերթական նիստի մասին:
APA գործակալության փոխանցմամբ` այսօր հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են «քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց կյանքին վերջ դնելու փորձերի, նրանց գույքին վնաս հասցնելու և 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած այլ միջադեպերի»:
Լրատվամիջոցի համաձայն` այդ փաստաթղթերում նշված է, թե «2016 թվականի ապրիլի 2-28-ը հայկական զինված ուժերը բազմաթիվ հանցավոր գործողություններ են կատարել Ադրբեջանի Աղդամի, Թերթերի, Գորանբոյի, Ֆիզուլիի և Աղջաբեդիի շրջանների անպաշտպան բնակավայրերում, ինչպես նաև կրթական և բժշկական հաստատություններում»:
Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, նիստերից հաղորդում են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցները, որոնց ներկայացրած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։
Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։
Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած երեք ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։