Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի Լիտվայի գրասենյակը դադարել է աշխատել

Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի Լիտվայի գրասենյակը դադարել է աշխատել՝ նրան տրամադրվող անվտանգության մակարդակը նվազեցնելու իշխանությունների որոշումից հետո։

Մինչ հոկտեմբերի մեկը Տիխանովսկայայի անվտանգությունն ապահովում էր կառավարության անվտանգության ծառայությունը: Այժմ այդ գործը վերապահվել է ոստիկանությանը։

Ընդդիմադիր գործչի գրասենյակից հայտնել են, թե փոփոխությանը հարմարվելու ժամանակ չեն ունեցել, այդ պատճառով ստիպված են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։

Անկախ փորձագետների տվյալներով՝ Բելառուսի 2020 թվականին կայացած նախագահական ընտրություններում Տիխանովսկայան էր առաջատարը, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ալեքսանդր Լուկաշենկոյին հաղթող ճանաչեց։ Ճնշումների պատճառով՝ ընդդիմադիր գործիչը Լիտվա տեղափոխվեց։