Բելառուսի բանտերից ազատ արձակված քաղբանտարկյալների թվում է նաև «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լրագրող Իգոր Լոսիկը։
Լոսիկը ձերբակալվել էր 2020 թվականի հունիսին, 2021-ի դեկտեմբերին 15 տարվա ազատազրկման դատապարտվել մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով:
«Իգորի համար ավելի քան հինգ տարի տևած տառապալից և միանգամայն անարդար փորձությունների շրջանը վերջապես ավարտվեց», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվ Կապուսը։
Քաղբանտարկյալների ազատ արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլի Մինսկ կատարած այցի ժամանակ: Բելառուսական բանտերում գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել էր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Հաղորդվում է, որ 52 ազատ արձակվածների թվում են բելառուսական ընդդիմության գործիչներ, քաղհասարակության ակտիվիստներ, օտարերկրյա քաղաքացիներ։ Ի պատասխան՝ ԱՄՆ -ը հայտարարել է Բելառուսի պետական ավիաընկերության՝ «Բելավիա»-ի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսն ազատ է արձակել 52 բանտարկյալի, այդ թվում՝ 6 լիտվացու. Լիտվայի նախագահ