Բրազիլիայի գերագույն դատարանը երկրի 70-ամյա նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին դատապարտել է 27 տարի երեք ամիս ազատազրկման՝ պետական հեղաշրջման նախապատրաստման գործով: Նա դարձավ Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, ով դատապարտվել է ժողովրդավարության նկատմամբ ոտնձգության համար, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Բոլսոնարուին մեղադրում են զինված հանցավոր կազմակերպությանը մասնակցության, պետական հեղաշրջման կազմակերպման, ժողովրդավարության բռնի տապալման փորձի, ինչպես նաև պետական ունեցվածքին և պահպանվող մշակութային արժեքներին վնաս հասցնելու մեջ:
Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում, նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն անարդար է որակել դատավճիռը և հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը համապատասխան ձևով կարձագանքի այդ «վհուկների որսին»:
2022 թվականին Բրազիլիայի նախագահական ընտրություններում հաղթեց Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: Բոլսոնարուի կողմնակիցները պնդում էին, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: 2023-ի հունվարի սկզբին՝ Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունից օրեր անց, Բոլսոնարուի աջակիցները գրոհեցին Կոնգրեսի, մի քանի նախարարությունների, գերագույն դատարանի շենքերը, ինչպես նաև նախագահի նստավայրը: Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, տեղի ունեցան բախումներ ցուցարարների և իրավապահների միջև: Նույն օրը ոստիկանությունն ազատեց շենքերը և ձերբակալեց առնվազն 1843 մարդու: