Այսօր ակնկալվում է Միքայել սրբազանի գործով դատարանի վճիռը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Երևան, 22-ը սեպտեմբերի, 2025թ.

Ազատությո՞ւն, թե՞ ազատազրկում. հենց այսօր, ամենայն հավանականությամբ, դատարանը կորոշի՝ իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավո՞ր է, թե՞ անմեղ։

Արդեն երեք ամիս ճաղերի ետևում գտնվող սրբազանի դատավարությունն ընթանում է շատ արագ. ընդամենը մեկ ամսվա ընթացքում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ հետազոտվեցին ապացույցները, հնչեցին մեղադրական և հինգ պաշտպանական ճառերը, վերջին խոսքով հանդես եկավ ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը։ Այսօր էլ պաշտպանական թիմի արձագանքներին կհաջորդի դատավորի վճիռը։

62-ամյա Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, նախորդ նիստում պնդել էր, որ սա քաղաքական պատվեր է. - «Քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցական, եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ»:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Շիրակի թեմի առաջնորդին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Փաստաբանական թիմն ամբողջ դատավարության ընթացքում կասկածում էր, թե դատավորը կարող է արդար վերդիկտ հրապարակել, պնդելով, որ ամբողջ ընթացքը՝ խուզարկումից մինչև ձերբակալություն ու դատավարություն անցել է բազմաթիվ խախտումներով։

Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Շիրակի թեմի առաջնորդը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այդ միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ:

Սրբազանը դատավարության ընթացքում հռետորական հարց էր ուղղել մեղադրող կողմին ու դատավորին՝ արդյո՞ք հեղաշրջման անհրաժեշտության մասին իր խոսքերից հետո որևէ մեկը գնացել և փորձել է զավթել իշխանությունը. «Երեք միլիոն վարչապետերից որևիցե մի վարչապետ գնացել վարչապետի աթոռը քաշե՞լ է տակից, ասելով՝ այ, սրբազանը որ ասել է, այդ պատճառով աթոռը տուր, իմն է»։

Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ գարնանը վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով պահանջում էր Կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հրաժարականը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միքայել սրբազան. «Սա քաղաքական պատվեր է իշխանությունների կողմից»Միքայել սրբազանի փաստաբանը կրկին բացարկ հայտնեց դատավորինԿաթողիկոսը տեսակցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին«Դատարանը միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին». Մայր ԱթոռԱջապահյանը ևս մեկ ամիս կմնա կալանքի տակ