«Դոգը» դեռ անազատության մեջ է. ամերիկյան դատարանը կքննի նրան ազատ արձակելու հարցը

Վարդանը հայտարարել է՝ ընտրություններին մասնակցելու է՝ ուզում է օդում, ջրում, ցամաքում լինի. փաստաբան

Այս պահին էլ «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը ԱՄն-ում շարունակում է մնալ անազատության մեջ: Նրա խափանման միջոցը փոխելու ուղղությամբ փաստաբանական թիմն արդեն գործընթաց է սկսել:

Անցած շաբաթ Լաս Վեգասի դատարանը մերժեց Վարդան Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու Գլխավոր դատախազության միջնորդությունը: «Դոգին» Հայաստան չեն ուղարկի, բայց ԱՄն -ում էլ չեն պահի. նա պետք է լքի Միացյալ Նահանգները, քանի որ, ըստ որոշման, խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը:

«Դատարանը որոշել է, որ Վարդան Ղուկասյանը պետք է արտաքսվի 3 -րդ երկիր, այսինքն՝ պետք է լքի ԱՄՆ սահմանները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դոգին» չեն արտահանձնի Հայաստան. փաստաբան

Փաստաբանական թիմը բողոքարկելու է արտաքսման որոշումը

Մինչ բողոքարկումը, սակայն, փաստաբանական թիմը նաև փորձում է հասնել Ղուկասյանի ազատ արձակմանը: ԴՕԿ կուսկացության ղեկավարը ԱՄն միգրացիոն կարգը խախտելու մեղադրանքով ձերբակալվել էր դեռ այս տարվա սկզբին, շուրջ ութ ամիս է՝ անազատության մեջ է. «Վարդան Ղուկասյանն այսօր գտնվում է վարչական կալանքի տակ, այո, գտնվում է անազատության մեջ, կարևորում ենք, որպեսզի վերջինիս խափանման ծայրահեղ միջոց կալանքը անմիջապես փոխվի»,- ասաց փաստաբանը:

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է դատարանը շարունակի Վարդան Ղուկասյանին անազատության մեջ պահել, մինչև արտաքսման վերաբերյալ բողոքի քննվելը, փաստաբանը պատասխանեց. «Դատական իշխանության ձեռքին է դա, ամեն ինչ էլ հնարավոր է»: «Ազատության» մեկ այլ հարցին, թե այսինքն՝ մինչև նրա արտաքսման վերջին օրը նրան կարո՞ղ են պահել անազատության մեջ, Բաղդասարյանն ասաց. «Իմ կարծիքով դա կլինի խոշտանգում, որովհետև, երբ բողոքարկում ես դատական ակտը, դա կարող է տևել մեկ, մեկուկես տարի»:

Դատական ակտի վիճարկումը, որը կարող է շատ երկար տևել, թույլ է տալիս, որ Վարդան Ղուկասյանը շարունակի մնալ Միացյալ Նահանգներում, գլխավոր հարցը, սակայն այն է՝ նա կլինի ազատության մեջ, թե՞ մեկուսարանում:

Մի շարք երկրներից Ղուկասյանին հյուրընկալելու առաջարկներ են եղել. փաստաբան

Եթե, այնուամենայնիվ, դատարանը որոշվի, որ Վարդան Ղուկասյանը պետք է լքի Միացյալ Նահանգները, փաստաբան Լևոն Բաղդասարյանի պնդմամբ՝ արդեն իսկ մի շարք երկրներից նրան հյուրընկալելու առաջարկներ են եղել:

«Ինչպես Եվրոպայից, այնպես էլ Ասիայից, իրենց մաքսիմալ վերաբերմունք են արտահայտել իրավական, որ նա իր ուրույն տեղն ու դերն է ուենալու իրենց երկրում... Եթե նման առաջարկ կա, դրա կրողը պետությունն է, պետական լիազոր մարմինն է»,- ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբանը:

«Ուզում էին ցույց տալ ամերիկյան դատարաններում, թե ինչ ողբալի վիճա՞կ է Հայաստանում». փաստաբան

Հայաստանի Գլխավոր դատախազությունը, որ միջնորդել էր ԱՄՆ-ին ԴՕԿ կուսակցության ղեկավարին արտահանձնել Հայաստանին, առայժմ չի արձագանքել ամերիկյան դատարանի որոշմանը: Հայտնի չէ, թե ինչ հիմնավորմամբ է Լաս Վեգասի դատարանը մերժել դատախազությանը և որոշել «Դոգին» ուղարկել 3 -րդ երկիր:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը շատ փակագծեր չի բացում, սակայն նշում է, որ եթե որոշման եզրակացությունը հրապարակվի, ապա այն պատիվ չի բերելու Հայաստանին: Խոսելով ընդամենը մեկ դրվագի մասին, փաստաբանը նշում է, թե ամերիկյան դատարանը Հայաստանում Վարդան Ղուկասյանին ներկայացված մի շարք մեղադրանքներից բացի, քննության է առել նրան վերագրվող մանկապղծության գործը, երբ նա իր եթերներից մեկում հրապարակել էր բռնության ենթարկվող երեխայի լուսանկարը: Լևոն Բաղդասարյանը պնդում է, թե ամերիկյան դատարանում ակնհայտ է դարձել, որ Վարդան Ղուկասյանն այդ լուսանկարը հրապարակելով փորձել է ստիպել անգործության մատնված իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել և կանխել ամիսներ շարունակված հանցագործությունը. « Այսինքն՝ 3-4 ամիս եղել է հանցագործությունը, պետական մարմինը մատը մատին չի տալիս, էս մարդը բարձրաձայնում է, ասում է՝ ձեզ մի օր ժամանակ եմ տալիս, մերն աղջկան սենց բաներ է անում, տարեք, ձերբակալեք: Մեկ օրվա ընթացքում տանում են քրեական վարույթը նախաձեռնում են, բարձրաձայնում են՝ մորն էլ համապատասխան մեկուսացման վայր են տարել, հետո էդ թղթերը վերցնում, ուղարկում են ԱՄն, ասում են՝ նայեք, ինքն իր եթերում մանկապղծության նկարներ է տեղադրել: Ահավասիկ, սա է մակարդակը պետական լիազոր մարմնի, որը հաստատ պատիվ չի բերում: Փաստեր կան, ապացույցներ կան, ներկայացնելու են, էնտեղի դատավորն էլ տեսնում է, որ Հայաստանում էս վիճակն է, միջազգային փորձագետը մանրամասն ներկայացնում է, թե Հայաստանում ինչ է տիրում: Հայաստանի Հանրապետութունը դա՞ էր ուզում, որ Ամերիկայի դատարաններում ցույց տային, թե ինչ ողբալի վիճակ է էս ոլորտը», - ասում է Ղուկասյանի փաստաբանը:

Չնայած իր հայհոյախառն եթերներով հայտնի Վարդան Ղուկասյանը դեռ անազատության մեջ է, սակայն վերջին օրերին նա հեռախոսով ակտիվորեն հարցազրույցներ է տալիս՝ խոսելով 2026 -ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու մտադրության մասին: Ընդ որում, «Դոգը» հայտարարում է, թե պատրաստ է ընտրություններին ընդառաջ դաշինք կազմել միայն ուժերի հետ, ովքեր կողմ կարտահայտվեն, որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կալանավորվեն և դատապարտվեն:

«Մենք դաշինք ենք կազմելու այն կուսակցություների հետ, որոնք անվերապահորեն պետք է ընդունեն, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը պետք է կալանավորվեն և դատապարտվեն», - ասել է Վարդան Ղուկասյանը:

Իսկ ինչպես է ԴՕԿ կուսկացության ղեկավարը պատրաստվում հեռակա կարգով մասնակացել 2026 -ի խորհրդարանական ընտրություններին, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է՝ «Դոգը» ունի թիմ և նրա թիմն իր առաջնորդությամբ կմասնակցի ընտրություններին: