Քերոբյանին կալանավորելու միջնորդություն կա, նա մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը: Ավետիք Քերոբյանը պնդում է, որ տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ:

ՔԿ-ից «Ազատությանը» հայտնեցին, որ Վահան Քերոբյանին մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելը և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ:

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Քերոբյանի ձերբակալմանն առնչվող գործով նշելով, որ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնում է Քերոբյանը այս գործի հետևում, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ բոլորի հարցերին կփորձեն պատասխանել կալանքի միջնորդության մասին դատական նիստից հետո:

Քննչական կոմիտեն Քերոբյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Ըստ ՔԿ-ի, նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների սեփականատեր Գ.Ա.-ի հետ, Երևանում գտնվող 40 հա, 19,3 հա և 14,5 հա մակերեսով հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերելու, դրանք՝ որպես սեփականություն Հ.Մ.-ին փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններով ձևակերպելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն: Հանցավոր կազմակերպության անդամները նշված անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են տարբեր առևտրային բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի ԱՄՆ դոլարի վարկեր:

«Այուհետև, Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պաշտոնեական կեղծիք և խարդախություն կատարելով ապահովել է հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին և մասնակիցներին Երևան համայնքին պատկանող մի շարք հողատարածքների՝ սեփականության իրավունքի կեղծ վկայականների տրամադրումը՝ հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով: Իրենց հերթին հանցավոր կազմակերպության մասնակիցները գիտակցելով, որ վերը նշված հողատարածքները ձեռք են բերվել մի շարք հանցանքների կատարման արդյունքում և դրանք ունեն հանցավոր ծագում, ի կատարումն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից տրված հանձնարարականների, ձեռնամուխ են եղել հանցավոր կազմակերպության վերջնական նպատակին հասնելուն», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն հայտնում է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը բացահայտելու մասին և նշում, որ վերջիններիս բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ:

12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: 7 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Վահան Քերոբյանը: Վերջինիս կալանավորելու միջնորդություն դեռ չի ներկայացվել:

2008-14 թվականներին Վահան Քերոբյանը ղեկավարում էր «Սթար դիվայդ» ՍՊԸ -ն:

Վարչապետ Փաշինյանի նախկին թիմակիցը մեղադրյալ է նաև իր պաշտոնավարմանն առնչվող քրգործով: «Սիներջի» ընկերությանն առնչվող քրեական գործով Քերոբյանն առանցքային մեղադրյալներից է, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ Քննչականի՝ 2023-ին Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին։ Մինչդեռ, ինքը Քերոբյանը չի ընդունում մեղադրանքն ու շարունակում է պայքարել արդարացման համար։ Այս գործը դատարանում է: