«Այս բանաձևը հստակորեն կարող է հիմնավորել, որ տվյալ անձը քաղաքական բանտարկյալ է». - իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատի ունի քաղաքական բանտարկյալի սահմանմանը վերաբերող՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, «տվյալ անձն» էլ Միքայել արքեպիսկոսպոս Աջապահյանն է, որն անցած ուրբաթ օրը երկու տարվա ազատազրկման դատապարտվեց իշխանության զավթման կոչի մեղադրանքով։
Հովհանննիսյանը թերևս եզակի հայ իրավապաշտպաններից է, որ «քաղբանտարկյալ» բառն օգտագործեց այս դեպքում՝ մանրամասն թվարկելով, թե միջազգային ատյանի բանաձևը ինչ է սահմանել։ Ըստ իրավապաշտպանի, անձը համարվում է քաղբանտարկյալ, եթե նաև նույն հոդվածով այլ գործերով ավելի մեղմ պատիժ է կիրառվել։ Շիրակի թեմի առաջնորդին մեղսագրված հոդվածը նաև տուգանք կամ հանրային աշխատանք է նախատեսում:
«Այսինքն՝ ազատազրկման պատժաչափ որևէ կերպ չի նշանակվել Հայաստանում, ուստի մենք կարող ենք ակնհայտորեն տեսնել այս բանաձևի շրջանակներում, որ անձը դատապարտվել է այլոց համեմատ ավելի խիստ պատժով, միևնույն ժամանակ՝ խիստ պայմաններով և խտրականորեն», - նշեց Հովհաննիսյանը:
«Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում՝ այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ». - դատավարության ամբողջ ընթացում Շիրակի թեմի առաջնորդն այս հայտարարությունն է արել, փաստաբանական թիմն էլ ապացույցներով փորձում էր հիմնավորել։
Մեղադրանքի հիմքում Աջապահյանի մոտ երկու տարվա վաղեմության հարցազրույց էր, որտեղ Շիրակի թեմի առաջնորդը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Մեկ տարի առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն էր իրավապահների ուշադրությունը հրավիրել այդ հայտարարության վրա։ Գլխավոր դատախազությունը, սակայն, սրբազանի խոսքերում այդ ժամանակ հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Իրավապահներն ասում են, թե նա այդ միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ:
Ի դեպ, դատավճռից անմիջապես հետո հենց ինքը՝ Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրել էր, թե Աջապահյանի պատժի չափը (ձևը) ադեկվատ չէ՝ ընդունելով, որ այն ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է։
Իրավապաշտպան Հովհաննիսյանի համար, սակայն, ակնհայտ է, որ օրենքը օգտագործվում է այնպես, ինչպես հարմար է։ Ավելին՝ հստակ մեսիջ է մյուսներին։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան, արխիվ
«Հանցակազմը կա՛մ կա, կա՛մ չկա, հստակորեն ամրագրված է Քրեական օրենսգրքում, այսինքն՝ այն փոփոխելի չէ, և ուստի մենք տեսնում ենք, որ օրենքը օգտագործվում է ըստ պատեհության, ըստ ժամանակահատվածի, ըստ միգուցե նաև գործունեության ակտիվացման կամ պասիվացման։ Միևնույն ժամանակ, այս դատավճիռը նաև որոշակիորեն մեսիջ է հանրությանը, որ այլ անձինք, ովքեր կփորձեն միգուցե ավելի ակտիվ գործունեություն իրականացնել, կհիշվեն նրանց բոլոր այն արտահայտությունները, որոնք վաղօրոք արվել են՝ հետին, այսպես ասած, ժամկետով»:
Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին, երբ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով սկսեց պահանջել Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հրաժարականը։
62-ամյա հոգևորականը դատավարության ընթացքում ընդգծում էր, որ իշխանության փոփոխության մասին 2020 թվականից է խոսում, բայց հանցակազմ գտան միայն հինգ տարի անց։ Անպատասխան մնաց Շիրակի թեմի առաջնորդի հարցը դատարանին՝ իսկ ի՞նչ հետևանքներ հաջորդեցին իր այդ խոսքին. - «Երեք միլիոն վարչապետերից որևիցե մի վարչապետ գնացել վարչապետի աթոռը քաշե՞լ է տակից, ասելով՝ այ, սրբազանը որ ասել է, այդ պատճառով աթոռը տուր, իմն է: Գրանցվե՞լ է որևիցե մի դեպք»։
«Եվ այս դեպքում մենք ոչ տեսնում ենք այդ գործողությունը նախապատրաստող շրջան, ոչ էլ տեսնում ենք այդ արտահայտության հետևանքներ, երբ որևէ խումբ կամ անձ, ոգևորված այդ արտահայտությամբ, փորձել է իրագործել որևէ անօրինական գործողություն», - ընդգծեց իրավապաշտպանը:
Բռնության, ատելության կոչերով է այսօր ողողված ողջ քաղաքական դաշտը, ու իրավապաշտպան Հովհաննիսյանի պնդմամբ՝ յուրայիններին խնայելով, ընդդիմախոսներին պատժելով՝ իշխանությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծում. - «Եթե Ազգային ժողովում շատ հանգիստ «գլուխդ կջարդեմ», «կփռեմ», «այս կանեմ», «այն կանեմ» արտահայտությունները մնում են նույնիսկ անհետևանք, Էթիկայի հանձնաժողովի քննության առարկա չեն դառնում, այս դեպքում նմանատիպ խիստ դատավճիռը մենք դարձյալ կարող ենք դիտարկել մարդու իրավունքների խախտման և քաղաքական դրդապատճառներով, ընդ որում նաև խղճի և կրոնի ազատության շրջանակներում»:
Երկու ամիս էլ չտևեց Շիրակի թեմի առաջնորդի դատավարությունը՝ այն դեպքում, երբ բազմաթիվ այլ գործերով քննությունները տարիներ են տևում։ Փաստաբանական թիմն ամբողջ ընթացքում պնդում էր՝ գործընթացը ծայրից ծայր խախտումներով է անցել, արդարություն փնտրելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։