ԵՊՀ նախկին դասախոսը պնդում է՝ իրեն հեռացրել են ՔՊ-ական պատգամավորի զանգով

Երևանի Պետական համալսարանից հեռացված դասախոս Սահակ Մանուկյանը պնդում է՝ իրեն աշխատանքից ազատել են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր
Արուսյակ Մանավազյանի մեկ զանգով։

Մայր բուհի արդեն նախկին դասախոսն ասում է՝ պատգամավորի դուստրն իր ուսանողներից է եղել, կարծում է՝ նրան ու պատգամավորին դուր չի եկել իր դասախոսություններից մեկը, որի ընթացքում հերթական թեման ներկայացնելիս ժարգոնային բառ է օգտագործել։

«Ես կարծում եմ՝ մեխանիզմը եղել է հետևյալը. երեխան գնացել է տուն, ասել է ծնողին, ծնողը, չգիտես ինչու, համարել է, որ իրենց արժանապատվությունը ոտնահարվել է, և որոշել են, որ, ըստ էության, իմ նկատմամբ պիտի հաշվեհարդար տեսնեն, և զանգել է երեսփոխանուհին ռեկտորին, և ռեկտորը որոշել է ինձ ազատել: Հիմի հարց՝ ի՞նչ իրավունք ունի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը միջամտել իր ենթակայության տակ չգտնվող բուհի ներքին հարցերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԵՊՀ նախկին դասախոսը:

Մանուկյանի խոսքով՝ ինքը ժարգոնային կոպիտ բառն օգտագործել է «Հայաստանի պետական համակարգեր» առարկայի դասախոսության թեման ավելի տպավորիչ դարձնելու, վիրավորանքի ու զրպարտության տարբերությունը ավելի հասկանալի բացատրելու համար. - «Բառը գրատախտակի վրա գրում եմ և ասում եմ՝ «եկեք հասկանանք՝ այս բառը վիրավորա՞նք է, թե՞ զրպարտությո՞ւն է, կամ ընդհանրապես խոսքի ազատության սահմանազանցո՞ւմ է, թե՞ ոչ»: Ուսանողներն ասում են, որ «կարծում ենք, որ սահմանազանցում է»:

Իշխանական պատգամավորը, մինչդեռ, հերքում է, որ միջամտել է՝ իր դստեր դասախոսին ազատելու աշխատանքից։ News.am-ի հետ զրույցում Մանավազյանն ասել է, թե Մանուկյանի հայտարարությունն իր համար անակնկալ է եղել։

«Ես իր ռեկտորի հետ խոսակցություն չեմ ունեցել, ես որևէ մեկի հետ խոսակցություն չեմ ունեցել, թող առաջին հերթին իր գործատուի հետ իր հարաբերությունները պարզի: Եթե եղել է դժգոհություն, բողոք, էդ դեպքում թող ինքը վերանայի իր գործողությունները», - հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Մանավազյանի կուսակից, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, ռեկտորը՝ իշխանական խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ-ից Արուսյակ Մանավազյանի կամ նրա դստեր բողոքի մասին ոչինչ չեն նշել, իսկ Սահակ Մանուկյանի հեռացումը հիմնավորել են, բուհի ձևակերպումն է՝ ոչ պատշաճ վարքով։ Ընդ որում՝ նախկին դասախոսին մեղադրում են էթիկայի կանոները բազմիցս խախտելու համար՝ առանց բացահայտելու, թե, մասնավորապես, ինչպես է Մանուկյանը խախտել այդ կանոնները։

«ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար», - «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնում է մայր բուհի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Ինքը՝ Մանուկյանը չի ընդունում մայր բուհի մեղադրանքները, հայտարարում է՝ անցած գրեթե երկու տասնամյակում ուսանողներից միայն դրական արձագանքներ է ստացել, ասում է՝ անհասկանալի է, թե ինչի մասին են հայտարարում մայր բուհից։

Մանուկյանը շեշտում է, թե իրենից բացատրագրեր չեն պահանջել աշխատանքից ազատելուց առաջ։ Մինչդեռ բուհից պնդում են, որ վերջին միջադեպով Մանուկյանը բացատրագիր գրել է։

«Ես տեղյակ չեմ դրա մասին, որովհետև իրենք հարկ չեն համարել ինձանից բազմաթիվ բողոքների վերաբերյալ բացատրություն պահանջել: Եթե ինձանից բացատրություն պահանջեին բազմաթիվ բողոքների վերաբերյալ, ես էլ դրանց պատշաճ բացատրություն կներկայացնեի», - ասաց Սահակ Մանուկյանը:

Մայր բուհի նախկին դասախոսը հայտարարում է՝ իրեն աշխատանքից ազատելով՝ ոչ միայն խախտվել են իր ակադեմիական իրավունքները, այլև ոտնահարվել է ազատ խոսքի իրավունքը։ Շեշտում է՝ դասաժամերն ինքն օգտագործել է միմիայն դասախոսությունների համար, քաղաքական թեմաներով քննարկումներ չի վարել, իրեն ընդդիմադիր չի համարում, բայց տարբեր հարցերով ունի քաղաքացիական դիրքորոշում, որը ուսանողներին երբևէ չի պարտադրել:

Սահակ Մանուկյանը ԵՊՀ-ում դասավանդում էր շուրջ 19 տարի: