«Երանի այս օրը չլիներ». Եռաբլուրում սգում են Հայաստանի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման զոհերի հիշատակը

Զինվորական մայրիկի մասին 13-ամյա Արամը սկսել է գրել դեռ տասը տարեկանից, 3 տարի է՝ մայրը՝ Գայանեն, իրենց հետ չէ։ Վերջին անգամ նրան 2022-ի սեպտեմբերի 1-ին է տեսել. դպրոց գնալիս իր հետ էր, նույն օրը ծառայության՝ դիրքեր է բարձրացել, օրեր անց Ադրբեջանի զինուժը սկսեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակումը։

«Երանի՜ այս օրը չլիներ, նույնիսկ՝ ես չլինեի, բայց լիներ ընդամենը մի բան… դու», - ասում է Գայանե Աբգարյանի որդին՝ Արամ Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 13-ին է զոհվել Գայանե Աբգարյանը. նա պայմանագրային զինծառայող էր, 42 տարեկան։ Արամը նրա 4 երեխաներից ամենափոքրն է, երկու աղջիկները 22, 23 տարեկան են ու մյուս տղան՝ 20։ Արմանը մոր հետ խոսել էր զոհվելուց ընդամենը ժամեր առաջ։

Մոր մարմինը գրեթե երեք ամիս անց են գտել, նախորդող շաբաթներին՝ ո՛չ Արմանը, ո՛չ մյուս երեխաները չեն հավատացել, որ մայրը չկա. «Հույսներս չէինք կորցնում, միշտ սպասում էինք, որ կգա, կգա...», -ասում է Արմանը:


Ռուբեն Խուրշուդյանը

Ռուբեն Խուրշուդյանի ավագ որդին՝ Կարենը,19 տարեկանում Ջերմուկի դիրքերում է զոհվել: Մեկուկես տարվա զինծառայող էր, նրա մարմինն էլ են ամիսներ անց գտել։ Հայրը հիմա խաղաղություն է ցանկանում, բայց չգիտի՝ արդյոք հնարավոր է. «Տեսնում ես՝ ինչ է կատարվում չորս կողմդ, ինչ խաղություն…ինչի հետ խաղաղվես, ինչի հետ ապրես...խաղաղությունը բարդ գործ է», - ասում է Ռուբեն Խուրշուդյանը:

Հայաստանի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման 3-րդ տարելիցն է

Ընդամենը 3 տարի առաջ՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը ինստենսիվ հրթիռահրետակոծության էր ենթարկում Սոթքի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի հայկական դիրքերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանը ոչ միայն 220-ից ավելի զոհ տվեց, այլև՝ Գեղարքունիքից, Վայոց Ձորից ու Սյունիքից տասնյակ քառակուսի կիլոմետրեր կորցրեց։ Ադրբեջանական զորքերը միայն Ջերմուկի ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքից 8.5 կմ լայնությամբ և մինչև 7.5 կմ խորությամբ տարածք գրավեցին։

Ներխուժումից 3 տարի անց էլ Ադրբեջանի զինուժը ոչ միայն չի հեռացել օկուպացված տարածքներից, այլև, ըստ մամուլի, փորձագետների, Ջերմուկի ուղղությամբ՝ չեզոք գոտում՝ առաջխաղացման փորձեր է արել, դիրքերն ամրացրել։

«Որոշ չափով պաշտպանական շրջաններ են կառուցել, տարբեր որակի և խորության», - ասում է APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսիյանը:

APRI Armenia-ի ավագ գիտաշխատողը կարծում է՝ Բաքուն չի պատրաստվում է վերադարձնել Հայաստանից զավթած տարածքները, չնայած Վաշինգտնում նախաստորագրված խաղաղության պայամանագրին։

«Ինչպես իրենք պաշտոնապես նշել են՝ չեն պլանավորում այդ տարածքները Հայաստանին հետ տալ: Գոնե, եթե շատ լուրջ քաղաքական փոփոխություններ չլինեն, ես չեմ տեսնում, որ իրենք այլ ձև են վարվելու», - ասում է ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսիյանը:

Իշխանությունները Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից 3 տարի անց էլ չեն հստակեցրել, թե Բաքվի ագրեսիայի հետևանքով որքան տարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Միայն հիշատակում են, թե ընդհանուր 90-ականներից մինչև հիմա ավելի քան 200 քառակուսի կիլոմետր Ադրբեջանի վերասկողության տակ է։

Հայաստանի վարչապետը օգոտոսի 18-ի իր ուղերձում էր անդրադարձել Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող հայկական տարածքներին, դարձյալ հույս հայտնել, թե այդ հարցը սահմանազատման գործընթացով է հնարավոր լուծել, միաժամանակ խոսել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներից

«Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում: Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունը այն է, որ ասելիս, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պաշտոնական մակարդակով իշխանություններն այսօր չեն անդրադարձել սեպտեմբերյան երկօրյա մարտերին, Եռաբլուր զինվորական պանթեոնում էլ որևէ պաշտոնական պատվիրակություն չկար:

Համատարած լռության մեջ շիրիմների մոտ միայն սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի հարազատներն էին, ընկերները, եղբայներն ու... երեխաները։