Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում իր հետ առնչվող ծեծի գործով: Նա ունի վկայի կարգավիճակ: Այս մասին Բաբայանի փաստաբանը հայտնեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Բաբայանը հերքեց իր կապը միջադեպին՝ ասելով, որ Կարապետյանին չի ճանաչում: Ավելին, պնդեց, թե սա քաղաքական պատվեր է իր նկատմամբ:
Լրագրող Հակոբ Կարապետյանն ավելի վաղ ահազանգել էր ծեծի ենթարկվելու մասին՝ Ֆեյսբուքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին հրապարակավ քննադատելուց հետո, երբ անդրադարձել էր տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին անհիմն տուգանելու միջադեպին։ Հենց հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատարն էր հսկիչների հետ շրջում հանրային տրանսպորոտում ու մասնակցում քաղաքացիներին տուգանելու աշխատանքներին։
Ավետ Բաբայանը, ում լրագրողը կասկածում է ծեծը կազմակերպելու համար, խիստ նկատողություն է ստացել: Քաղաքապետը նրա պաշտոնավարումը չի դադարեցրել, փոխարենը նրան ուղարկել է արձակուրդ:
Տարածելով Ավետիք Բաբայանի կադրերով նյութը՝ Կարապետյանը եզրահանգել էր, թե «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է»։ Ասում է՝ այս գրառումից հետո էլ սկսել էր հայհոյանքներ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ ստանալ քաղաքապետարանի պաշտոնյայից։
Լրագրողական կազմակերպությունները պահանջել էին քաղաքապետից ուսումնասիրել միջադեպն ու փաստերի հաստատման դեպքում Հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավարին անհապաղ ազատել պաշտոնից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրագրողի ծեծի գործով դեպքից հինգ օր անց դեռ մեղադրյալ չկա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության առիթով քրեական գործ է հարուցվել, ձերբակալված կա