Երևանն ու Լոնդոնը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի

Երևանում կայացել է Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի:

Կոստանյանն ու Դաութին քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:

Երևանն ու Լոնդոնը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով:

ՄԹ վրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարարին այսօր ընդունել է վարչապետ Փաշինյանը: Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խումբը փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով