Երևանում կայացել է Ռուբինյան-Քըլըչ վեցերորդ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ մանրամասներ է հայտնում

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վեցերորդ հանդիպումը:

Կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Ռուբինյանն ու Քըլըչը նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:

Այս հանդիպման ընթացքում Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը: Նրանք մտքեր են փոխանակել 2022-ի հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:

Նրանք վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում կայացել է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը. ի՞նչ է հայտնի