Հակակոռուպցիոն դատարանն այսօր երկրորդ անգամ մերժեց դատախազության միջնորդությունը՝ մի քանի քրեական գործերով մեղադրյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ազատությունը սահմանափակել և ստորագրություն չհեռանալու մասին կիրառել:
«Դատարանն այս կազմով նույնպես գտավ, որ այլ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես այս երկրից չեմ փախչի, եթե նույնիսկ դատարանը մահապատժի դատապարտի». Սերժ ՍարգսյանԱյս նիստն այսօր ավելի վաղ էր սկսվել, բայց դատավորի եղբոր մահվան հետ կապված՝ դատավորն ընդհատել էր նիստը, ավելի ուշ, սակայն վերադարձել նիստերի դահլիճ, քանի որ միջնորդությունը հրատապության կարգով արտահերթ էր նշանակվել:
Մեղադրող կողմը նույնաբովանդակ միջնորդություն էր ներկայացրել Սարգսյանին վերագրվող այլ գործով դատավորին, որը ևս մերժվեց:
Սերժ Սարգսյանը մեղադրյալ է մի քանի քրեական գործերով: Առաջին ատյանի դատարանում վառելանյութի հափշտակությունը կազմակերպելու գործով նա թեև արդարացվել էր, բայց դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ, վերջինս էլ բավարարել էր դատախազության բողոքն ու գործը հետ ուղարկել առաջiն ատյան՝ նոր քննության:
Սրանից բացի, երրորդ նախագահը մեղադրվում է նաև մի գործարքի համար, որը կատարել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Ըստ մեղադրանքի՝ նա Իսակովի պողոտայի տարածքում գտնվող հողամասերը վաճառել է շուկայականից բավականին ցածր գնով։ Մյուս գործն առնչվում է կաշառք ստանալուն, որը հարուցվել է գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա:
Նախկին նախագահը ոչ մի գործով էլ մեղքը չի ընդունում: