«Ես որևէ մեկի սրտի դատավորը չեմ». Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդարանում, 11-ը սեպտեմբերի, 2025թ.

Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Վերաքննիչ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Դանիելյանին 65 կողմ ձայնով ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Երկու կին թեկնածուներից մեկը ստացավ 0, մյուսն՝ ընդամենը 1 ձայն:

«Որոշումը կայացված է, պարոն Դանիելյան, շնորհավորում ենք», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Դատելով Արմեն Դանիելյանի դեմքի արտահայտությունից՝ ընտրությունն ու ծափահարությունները նրան այնքան էլ չոգևորեցին: Քվեարկությունից առաջ ընդդիմադիրները սուր քննադատության էին ենթարկել դատավորին՝ նրան անգամ համեմատելով Բաքվում հայ գերիներին դատող ադրբեջանցի դատավորի հետ:

Հիշեցնելով Դանիելյանի թե՛ անցյալն ու թե՛ ներկան՝ ընդդիմադիրները հարցնում էին, թե ինչպես է նմանօրինակ վարքագծով դատավորը փորձում ավելի բարձր պաշտոնի հավակնել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացրեց այն քաղաքական գործիչների շարքը, որոնց վերաբերյալ Դանիելյանը որոշում է կայացրել. - «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, մեր խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյան, «Հայաքվե» միավորման ղեկավարներից Ավետիք Չալաբյան, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյան, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան. էս բոլոր քաղաքական հիմքով կալանքի դեմ բողոքների մերժումը՝ Արմեն Դանիելյանի ձեռքով»:

Չնայած Մանուկյանը ծանոթացել էր Դանիելյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը և զարմանում էր, թե ինչպես կարելի էր նման դատավորի որպես Վճռաբեկ դատարանի թեկնածու ներկայացնել, այդուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորն իշխող մեծամասնությանը աղաչեց հենց նրան ընտրել. - «Որովհետև փաստաբանական ամբողջ ընտանիքը երջանիկ կլինի, որովհետև վերջապես Վերաքննիչում կալանքի դատավոր Արմեն Դանիելյանը այլևս չինի»:

Ընդդիմադիր նույն խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Դանիելյանին, որ նրա կայացրած որոշումներից մեկով այսօր գործ կա Եվրոպական դատարանում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, քանի որ դատավորն, ըստ պատգամավորի, որոշում էր կայացրել առանց պաշտպանական կողմին լսելու. - «Չեք թողել, որ պաշտպանական կողմը խոսի»:

«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էլ մի տեսանյութ ցուցադրեց խորհրդարանում՝ հիշեցնելով դատավորին, թե ինչ էր նրա մասին ժամանակին ասում Նիկոլ Փաշինյանը՝ մինչև հեղափախությունը: Իսկ այդ ժամանակ՝ 2012 թվականին, դատավոր Դանիելյանը դատում էր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին:

«Նիկոլ Փաշինյանը ասում ա՝ «եթե խոսում ենք շենքի մասին, կարող ենք խոսել, բայց եթե ներսի պարունակության մասին ենք խոսում, դա դատարան կոչել հնարավոր չի»: Ներսի պարունակությունը, պարոն Դանիելյան, էդ ժամանակ Դուք էիք՝ Դուք, որ էսօր դարձել եք ՔՊ-ականների սրտի դատավորը, որովհետև կալանք եք տալիս քաղաքական գործերով բոլոր էն մարդկանց, ում ցանկանում ա էս իշխանությունը», - հայտարարեց Խամոյանը:

«Ես որևէ մեկի սրտի դատավորը չեմ, ես իմ որոշումները կայացնում եմ ինքնուրույն», - պնդեց Արմեն Դանիելյանը:

Ագնեսա Խամոյանը մեկ այլ հարց էլ տվեց Դանիելյանին՝ արդյո՞ք հետևում է Բաքվում ընթացող հայ գերիների դատավարություններին, դրանք շինծո՞ւ են, թե՞ օբյեկտիվ քննություն է ընթանում:

Արդեն Վճռաբեկ դատարանի դատավոր Դանիելյանն այդ հարցին չպատասխանեց՝ ասելով. - «Ձեր հարցադրման մեջ որոշակի առումով կա նաև քաղաքական բաղադրիչ, մինչդեռ դատավորը պետք ա դրսևորի քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Այդ իսկ պատճառով, ելնելով այդ նկատառումներից՝ որևէ տեսակետ չհնչեցնեմ»:

Այս պատասխանը վրդովեցրեց ընդդիմադիրներին:

«Ի՞նչ էր տեղի ունենալու, որ ասեիք՝ «ցավում եմ Բաքվում ընթացող շինծու դատավարության համար», Ալիևը զանգելու էր ասեր՝ «դուք ռևանշիստներ ե՞ք»: Լավ, բարոյական կարմիր գծեր կա՞ն, թե՞ չկան», - հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:

«Բաքվի դատավարությունից հարցնում ենք, բերաններդ չի պտտվում, լեզուներդ չի պտտվում՝ ասեք՝ «գիտե՞ք, շինծու գործ ա»: Ասում եք՝ «պիտի տեղականանք ինչ գործեր են»: Ի՞նչ գործեր, որ մեր հայրենակիցները ահաբեկիչ ե՞ն: Սա ուղղակի խայտառակություն ա: Ռուբեն Վարդանյանն էսօր էստեղ լիներ՝ Արմեն Դանիելյանը, մի վայրկյան կասկած չունեմ, որ կկալանավորեր, մի վայրկյան: Ու որևէ տարբերություն ես չեմ տեսնում Ձեր միջև ու էնտեղ իրականացված դատավորի գործունեության միջև: Գիտեմ, որ շատ վիրավորական բան եմ ասում, բայց ես ուզում եմ Դուք վիրավորվեք: Միգուցե դա Ձեր կյանքում որևէ բան փոխի, երբ ամեն անգամ պատմուճանը հագնում ենք և որոշում եք կայացնում», - իր հերթին, ասաց «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը:

Դատավորի փոխարեն արձագանքեց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով ընդդիմադիրներին կեղծ օրակարգեր չստեղծել. - «Անիմաստ ինչ-որ թեմա եք ստեղծում, սկսում եք պայքարել: Մեր բոլոր գերիները պիտի վերադառնան, դատավարություններն էլ շինծու են»:

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցն այսօր իշխանության և ընդդիմության միջև վերածվեց ընդհանրապես արդարադատության համակարգի շուրջ բանավեճի՝ ո՞ւմ օրոք էին դատավորներն ավելի կախված իշխանությունից, և ե՞րբ էր արդարադատությունն ավելի անարդար:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակացությունից Քրիստինե Վարդանյանն ընդունեց՝ նախորդ իշխանության ժամանակ էլ եղել են խնդիրներ, բայց, նրա խոսքով, արատավոր երևույթները վերացնելու խոստումով հեղափոխություն արած իշխանությունը է՛լ ավելի է վատթարացրել իրավիճակը:

«Իսկ Հայաստանում ուրիշ ո՞ր իշխանությունն ա դատարաններ շրջափակել, իսկ Հայաստանում ուրիշ ե՞րբ է երկու սրբազան կալանքի տակ եղել իշխանությանը քննադատելու համար, իսկ Հայաստանի ամենամեծ բարերարներից մեկը ե՞րբ ա իշխանությանը քննադատելու համար կալանքի տակ եղել», - հայտարարեց Վարդանյանը:

Ռուբեն Ռուբինյանն էլ ի պատասխան զարմացավ, որ Ռոբերտ Քոչրայանի ղեկավարած դաշինքի պատգամվորները բողոքում են զանգովի արդարադատությունից:

«Էս ո՞ւր էիք, ժողովուրդ ջան, վերջին, ասենք 30 տարին ո՞ւր էիք ... Հա, ծնված չէիք, երևի հույսը դրել եք էն մարդկանց վրա, որոնք էն ժամանակ ծնվա՞ծ չէին, հա՞: Ժամանակին քոք էիք մաշացնում, ձեր ձևով միջամտում էինք, հիմա էս ի՞նչ խղճուկ պահվածք ա՝ էկել ստեղից քիչ ա մնում արտասվեք, նեղսրտում եք բռնաճնշումներից: Մի քիչ խրոխտ էղեք, դուք քոք մաշացնող եք, խրոխտ էղեք», - հայտարարեց ԱԺ փոխխոսնակը: