Գայի պողոտայում բարձրահարկի կառուցմանը դեմ բնակիչների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի առջև

Գայի պողոտայի բնակիչների բողոքի ակցիան՝ Երևանի քաղաքապետարանի առջև, սեպտեմբերի 9, 2025թ.

Երևանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի առջև՝ պահանջելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում:

Բնակիչները դեմ են հենց իրենց բակում՝ խաղահրապարակի տարածքում բարձրահարկի կառուցմանը:

Ավագանու այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում նաև այս շենքի հարցն էր ընդգրկված: «Հանրապետություն» խմբակցություն անդամ Անի Խաչատրյանը քիչ առաջ հայտնեց, թե հարցն իր առաջարկով օրակարգից հանվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Լույսը, արևն անջատում եք»․ բնակիչները դեմ են բարձրահարկի կառուցմանը Գայի պողոտայում

Մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ այգու, խաղահրապարակի փոխարեն 18 հարկանի բարձրահարկի կառուցումը վրդովեցրել է Երևանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչներին։ Վերջիններս ամիսներ շարունակ պայքարում են իրենց բակում կառուցապատման դեմ։ Բազմաբնակարան շենքը շուրջ 5000 քառակուսի մետր տարածքի կենտրոնական հատվածն է զբաղեցնելու՝ 2200 քմ:

2200 քմ հողատարածքի նոր սեփականատերը, որն էլ ցանկանում է բարձրահարկը կառուցել, Սամվել Սահակյանն է։ Նրան համայնքային իշխանությունն այլ տարածքներ է առաջարկել, սակայն պնդում է, թե համարժեք տարածքներ չեն եղել։ Նպատակադրված է կառուցապատումն իրականացնել հենց իրեն պատկանող հողում, եթե քաղաքապետարանից շինթույլտվություն ստանան։