Երկու տարվա պատերազմից հետո Գազայի հատվածում հրադադար է: Այն ուժի մեջ մտավ, երբ իսրայելական բանակն այսօր հետ քաշվեց նախապես համաձայնեցված դիրքեր՝ համաձայն ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի առաջին փուլի, որի շուրջ Իսրայելն ու «Համաս»-ը Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնության էին եկել երեկ: Այս դիրքերից իսրայելական բանակը կվերահսկի Գազայի մոտ 53 տոկոսը:
Հազարավոր պաղեստինցիներ սկսել են վերադառնալ Գազա քաղաք, որը գրեթե հողին է հավասարեցվել իսրայելական ավիահարվածների հետևանքով և պիտանի չէ բնակության համար:
«Մենք գնացինք մեր թաղամաս, այն ոչնչացվել է։ Չգիտենք, թե հիմա ուր պիտի գնանք», - ասում է Խան Յունիսի բնակիչ Ահմեդ ալ-Բրիմը:
«Ավերածությունները հսկայական են ու աննկարագրելի, գրեթե ամբողջությամբ ավերակ է և ապրելու համար ոչ պիտանի», - ասում է Մուհաննադ ալ-Շավաֆը՝ նույնպես Խան-Յունիսից:
«Այստեղ իրավիճակը ողբերգական է, տներ, փողոցներ չկան, մեքենաները չեն կարողանում մտնել տարածք։ Ոտքով գնացինք և ոտքով վերադարձանք։ Կյանք ընդհանրապես չկա այստեղ։ Ամեն ինչ ավերակ է», - ասում է Թամամ Ռադվանը:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն այլևս չունի նախկին հզորությունները, էապես թուլացել է և պարտվել ամենուր, հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակը: Գեներալ Էֆի Դեֆրինը նաև Գազայի բնակիչներին զգուշացրել է չմտնել բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ և խուսափել հետևանքներից:
«Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորները կգործեն` վերացնելու ցանկացած սպառնալիք իրենց անվտանգությանը ... Հարգեք համաձայնագիրը և ապահովեք ձեր անվտանգությունը», - հայտարարել է Դեֆրինը:
ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության առաջին փուլով, որն Իսրայելը երեկ է հաստատել, «Համաս»-ը մինչև երկուշաբթի կեսօր պետք է ազատ արձակի իսրայելցի 48 պատանդներին, որոնցից 20-ն են ողջ, Իսրայելն էլ պետք է ազատի պաղեստինցի 250 դատապարտյալի և 1700 կալանավորի:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ բոլոր պատանդները տուն կվերադառնան «առաջիկա օրերին», և հավելել, որ իսրայելական ուժերը դեռ կմնան Գազայում:
«Այս կերպ մենք պայքարում ենք «Համաս»-ի դեմ … «Համաս»-ը կզինաթափվի, իսկ Գազան կապառազմականացվի։ Եթե դա հնարավոր է հեշտ ճանապարհով, շատ լավ։ Եթե ոչ, դա կարվի դժվար ճանապարհով», - ասել է Բենյամին Նեթանյահուն:
Խաղաղության ծրագրի այս փուլում նաև պետք է վերականգնվի մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ ծրագրում են հրադադարի առաջին 60 օրում ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումը Գազա, որտեղ արդեն մի քանի ամիս սով է։ Թոմ Ֆլետչերը նշել է՝ ամեն օր կավելացնեն օգնություն տանող բեռնատարների քանակը՝ այն հասցնելով հարյուրների:
«Մենք կավելացնենք սննդի մատակարարումը, որպեսզի այն հասնի Գազայի 2.1 միլիոն բնակիչներին, որոնք պարենի կարիք ունեն, և մոտ 500 հազար մարդու, որոնք թերսնման խնդրի են բախվել։ Սովը պետք է վերանա այն հատվածներում, որտեղ տարածվել է, և կանխվի մյուս վայրերում», - ասել է Ֆլետչերը:
Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Իսրայելը հաստատել է համաձայնագիրը, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն երկուշաբթի կամ երեքշաբթի, ապա նշեց, որ նախատեսում է կիրակի օրը մեկնել Մերձավոր Արևելք։
Խոսելով Գազայի վերականգնման մասին, ինչը նախատեսվում է իր 20- կետանոց ծրագրով, Թրամփը վստահեցրեց՝ ոչ ոք ստիպված չի լինի դուրս գալ Գազայից, թեև տարվա սկզբին ասել էր, որ Գազայի բնակիչները պետք է վերաբնակեցվեն, իսկ տարածքը վերածվի զբոսաշրջային և տեխնոլոգիական կենտրոնի. - «Ոչ ոք ստիպված չի լինի հեռանալ, ոչ։ Հակառակը … Սա հիանալի խաղաղության ծրագիր է, որին բոլորն են աջակցել … Ոչ, մենք առհասարակ չենք նախատեսում նման բան»:
ԱՄՆ-ը նաև 200 զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք, որոնք Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների զինվորների հետ կվերահսկեն խաղաղության ծրագրի իրականացումը, սակայն ամերիկացի զինվորականները չեն մտնի Գազա:
Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի ծրագրի իրագործման ընթացքում շատ խնդիրներ կարող են ծագել: Թուրքիան, որը ևս մասնակցել է միջնորդական ջանքերին, հայտարարել է, որ Թուրքիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից և Կատարից բաղկացած աշխատանքային խումբը կփորձի լուծել ծագած խնդիրները: Թեև, ըստ արտգործնախարար Հաքան Ֆիդանի, խումբն այս պահին դեռ կոնկրետ առաջադրանք չունի:
«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես, անկասկած, խնդիրներ կառաջանան։ Եվ այս թիմը կմիջամտի, երբ ժամանակը գա այդ խնդիրների գործնական լուծումներ գտնելու համար», - նշել է Ֆիդանը:
2023-ի հոկտեմբերին բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել է ավելի քան 169 հազարը: Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ: