Գործադիրը հարկատուների հաշվին 3.2 միլիոն դոլար կծախսի՝ Կարապետյանների հայցից պաշտպանվելու համար

Կառավարությունը պատրաստվում է հարկատուների հաշվին 3.2 միլիոն դոլար ծախսել կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի հայցից պաշտպանվելու համար, ինչպես նշում են՝ որպեսզի ապահովվի Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածությունն ու պատշաճ պաշտպանությունը:

Որոշումն ընդունվեց չզեկուցվող հարցերի շարքում

Գործադիրը չզեկուցվող հարցերի շարքում այսօր ընդունեց որոշումը, նիստի ընթացքում հարցը չքննարկվեց: Ընդունված փաստաթղթերով տեղեկացնում են՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն անցած ամիս ստանալով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող արբիտրաժային հրատապ որոշումը սկսել է պաշտպանությունը:

Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությունից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը: Կառավարությունը չհետևեց որոշմանը: Չկատարված արբիտրաժային որոշումն, ըստ էության, հայցի ապահովման միջոցի նշանակություն ուներ, բուն քննությունը դեռ նոր պետք է սկսվի:

Բուն հայցով Կարապետյանները «ՀԷՑ»-ի համար կառավարությունից 500 միլիոն դոլար են պահանջում: Գործադիրը տեղեկացնում է՝ հայցի մասին իրենք օգոստոսի 12-ին են իմացել ու հավելում, որ այս վարույթի համար ընթացակարգային սեղմ ժամկետներ են սահմանվել: Ըստ կառավարության՝ հենց սրանով է պայմանավորված փաստաբանական ընկերություն ներգրավելու հրատապությունը: Հիմնավորումներից պարզ է դառնում՝ տարբեր ընկերություններից գնառաջարկներ են ստացել, ի վերջո, ընտրությունը կանգ է առել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Arnold & Porter ընկերության վրա, որն ըստ գործադիրի ներդրումային արբիտրաժային վարույթներով պետությունների շահերի պաշտպանության իր վերջին 60 գործերից 53-ում հաղթել է:

Մեկ անձից գնման պայմանագիր կկնքվի

Տեղեկացնում են՝ մեկ անձից գնման պայմանագիր պետք է կնքեն, սակայն, ամերիկյան ընկերությանը կսկսեն վճարել մինչ օրենքով սահմանված կարգով գնման գործընթացը: Առաջին վճարումների համար պահուստային ֆոնդից մոտ մեկ միլիոն հարյուր հազար դոլար են հատկացնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԷՑ–ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Մինչ արբիտրաժային գործերում մասնագիտացած իրավաբանները «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վարույթով կառավարության հաջողության շանսերը ցածր են գնահատում, կառավարությունում վստահ են՝ չեն պարտվի: Անցած շաբաթ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց՝ մտավախություն չունեն. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ցանկացած արբիտրաժում պաշտպանելու իր պետական շահերը, և մենք այս դեպքում ևս գնալու ենք այդ ճանապարհով»:

Թե որտեղից այս ինքնավստահությունը, նախարարը չմանրամասնեց ու առաջարկեց չանհանգստանալ: Կարապետյանների պահանջած կես միլիարդ դոլարը Հայաստանի պետբյուջեի՝ մեկ տարվա ընթացքում պետական բոլոր ծախսերի ավելի քան 5 տոկոսն է, Հայաստանի ամբողջ պետական պարտքի ավելի քան 3.5 տոկոսը: Օրինակ՝ տարեցների աշխատանքային կենսաթոշակների համար պետությունը 780 միլիոն դոլար է ծախսում, այս 500 միլիոն դոլարն այնքան մեծ է գումար է Հայաստանի համար, որ հնարավոր է բոլորի կենսաթոշակը 60 տոկոսով ավելացնել. «Ոչ, մտահոգություն չունենք: Չենք պարտվի, վստահ եմ, մենք անելու ենք առավելագույնը՝ պատշաճ կերպով պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերն՝ ինչպես արբիտրաժում, այնպես էլ ցանկացած դատական ատյանում, որտեղ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայց կներկայացվի», - հայտարարել է Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը:

Իշխանությունները «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին հայտարարեցին Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ: Հաշված օրերի ընթացքում ընկերության կառավարումը ստանձնելու համար օրենք փոխեցին, որն էլ խորհրդարանն ընդունեց հրատապ կարգով: Ու մինչ Ստոկհոլմում մեկնարկում է բուն քննությունը, ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն ընկերության ղեկավար կազմում կադրային փոփոխություններ է իրականացնում՝ այդ թվում նաև իր կուսակիցներին նշանակելով: