Գյումրիի քաղաքապետի զրահապատ մեքենան փորձել են տանել տուգանային հրապարակ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան, Գյումրի, 7-ը հոկտեմբերի, 2025թ.

Գյումրիի ընդդիմադիր համայնքապետին հանրային կյանքից դուրս շպրտելու՝ վարչապետի հայտարարությունից օրեր անց ոստիկաններն էին հիշել այսօր առավոտյան Վարդան Ղուկասյանին, ավելի ճիշտ՝ նրան պատկանող զրահապատ մեքենան, որ պարեկները փորձում էին քաղաքապետարանի դիմացից տուգանային հրապարակ տանել:

Իր դեմ իրականացված մահափորձից հետո Գյումրիի քաղաքապետը 15 տարի է զրահապատ մեքենայով է շրջում: Ղուկասյանը պնդում է՝ հանձնարարականը տրված է, և գործի են անցել:

«Ուրեմն, ամեն խաչմերուկի վրա մի հատ մեքենա էր կանգնած, ես որ առաջին մեքենան տեսա, ասի՝ «տղերք, սրանք եկել են մեր հետևից», դրանից հետո՝ երկրորդը, ասի՝ «պատրաստվեք»: Ուրեմն, չորս մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից, ասում են՝ պատահականություն է: Միանշանակ, պատահականություն չէ, ուրեմն, կարգադրություն է, հետո ամենազավեշտը նա է, որ, ասենք, պատկերացրեք, ասում են՝ «զրահապատ մեքենան պետք է տանենք ԳԱԻ», այսինքն՝ ի՞նչն է պատճառը՝ ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից: Լավ, եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնեն, դա նշանակում է ի՞նչ՝ պատրաստվում են երկրո՞րդ անգամ կրակելու», - հայտարարեց Ղուկասյանը:

Մեքենան տուգանային հրապարակ չի տեղափոխվել, այն քաղաքապետարանի դիմաց կայանված էր: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար»: Այս պարագայում պետք նշվի մեքենայի զրահապատ լինելու հանգամանքը, և այն պետք է տեխնիկական զննություն անցնի: Դրա համար տասնօրյա ժամկետ են տվել:

Վարչապետի հայտարարությունից հետո ՔՊ-ականները իրար հերթ չտալով սկսեցին խոսել Ղուկասյանին դուրս շպրտելու, ճամպրուկը կապելու, «փասափուսեն հավաքելու» ու հեռանալու մասին: Չեն բացառում, որ Ախուրյանի սցենարով կարող են ավագանու այլ անդամների իրենց կողմը տանել: Արդյո՞ք Ղուկասյանը վստահ է իր թիմակիցների վրա:

«Ես ճիշտ ասած վստահ եմ իմ թիմիս վրա, բայց Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը, որ, ուրեմն, Հուդա դարձավ, ես ի՞նչ ասեմ», - հարցին արձագանքեց Գյումրիի քաղաքապետը:

Քրեական գործով մեղադրյալ Ղուկասյանը պնդում է՝ գիտի իշխանությունների սցենարը՝ իրեն կալանավորելու են, փոխքաղաքապետ փեսային հեռացնելու կամ կալանավորելու են, որ կարողանան Գյումրիում իշխանություն դառնալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ամոթ ու ամոթ». Ղուկասյանը՝ Միքայել սրբազանի դատապարտման մասինՍարուխանյան. Ղուկասյանը գնալու է, գյումրեցիներն են դուրս շպրտելու նրան«Ժողովրդի ընտրյալին վարչապետն ասում է՝ դուրս շպրտվի». Ղուկասյանի արձագանքը ՓաշինյանինՓաշինյան. «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»Վարդան Ղուկասյանն ու որդին հայտարարում են՝ չեն վախենում