Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022 թվականի նվիրատվությունների թեմայով նախաձեռնած քրեական վարույթը, որ հարուցվել էր կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։
Նվիրատվությունների այս սկանդալն անցած տարի բացահայտեց Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, «Սիվիլնեթ»-ի հետ միասին։ Ըստ հրապարակման՝ տասնյակ անձինք, որ տարբեր համայնքներում ՔՊ թեկնածուներ էին, խոշոր նվիրատվություններ էին փոխանցել իշխող կուսակցությանը, ընդ որում՝ 10 առանձին քաղաքներում ավագանու առնվազն 10 թեկնածու նույն օրը փոխանցել էր ճիշտ նույնքան գումար։ Հետաքննող լրագրողները խոսել էին ավելի քան երեք տասնյակ նվիրատուների հետ, կեսն ասել էին՝ չեն հիշում, որ գումար փոխանցած լինեն «Քաղաքացիական պայմանագրին»։
Կային նաև դեպքեր, երբ իշխող կուսակցությանը նվիրաբերվել էր օրենքով թույլատրվածից ավելի մեծ գումար։ Նվիրատուներից մեկը, ով, ըստ պաշտոնական փաստաթղթերի, 2022-ին 3 մլն դրամ էր փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին», ավելի ուշ լրագրողներին ասել էր՝ այդքան գումար ոչ ունեցել է, ոչ էլ փոխանցել։
Լրագրողներից բացի, նաև անկախ աուդիտն էր այդ տարի բացասական գնահատական տվել ՔՊ-ին՝ մատնանշելով, որ եղել են մի շարք խնդիրներ փոխանցումների ու կանխիկացումների հետ։ Մամուլի հրապարակումներից ու աուդիտորական եզրակացությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր դատախազություն, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի նվիրատվություններ ներգրավելու հիմքով։ Հակակոռուպցիոնից «Ազատությանը» հայտնել են, որ ամիսներ տևած քննությունից հետո՝ անցած նոյեմբերին, կոմիտեն որոշել է որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, միաժամանակ արձանագրել է՝ «սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները»։
Ինչպե՞ս են եկել այդ գնահատականին, ովքե՞ր են անցել այս գործով, քննչական ի՞նչ գործողություններ են կատարվել, ի՞նչ հանգամանքներով պայմանավորված է կարճվել վարույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվում է տեղեկացնել. իրավապահները դա համարում են հրապարակման ոչ ենթակա տեղեկություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ ՔՊ-ի դրամահավաքի պատմությունը խառնաշփոթի հետևանք էՄանրամասներ չի հայտնում նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի դիմումի հիման վրա էլ հարուցվել էր քրեական վարույթը: Հստակ է, սակայն, որ հանձնաժողովը չի համաձայնել վարույթը կարճելու որոշմանը, բողոքարկել է այն նախ դատախազի մոտ, հետո արդյունք չստանալով հասել դատարան։ Այս տարվա հունվարին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել ու վերացրել է քրեական հետապնդում չհարուցելու որոշումները։ Սակայն, դատախազությունը շարունակել է պնդել, որ ՔՊ-ի ֆինանսավորման հետ կապված գործը պետք է կարճվի. դրա համար նախ դատախազն է բողոք ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, ապա, երբ հաջողություն չի ունեցել, արդեն գլխավոր դատախազի կողմից է բերվել հատուկ վերանայման բողոք։ Այդ բողոքն ընդունվել է վարույթ և ներկայումս քննության փուլում է։
Այս քրեական վարույթից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է նաև ՔՊ-ի՝ 2022-ի ֆինանսավորման հետ կապված մեկ այլ քրեական գործ՝ նվիրատվության առավելագույն չափը գերազանցելու, չթույլատրված աղբյուրներից նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։ Այս վարույթը դեռ նախաքննության փուլում է, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրյալների մասին տեղեկություններ չի տրամադրել։
Մինչ այդ վարչապետ Փաշինյանը պնդել էր՝ խնդիր կա, բայց այն քաղաքական է, ոչ քրեական. «Կա՞ այդտեղ պրոբլեմ՝
այո, այդտեղ կա պրոբլեմ։ Այդ պրոբլեմն այնպիսի՞ն է, որ հատել է քրեական օրենսգրքի գիծը՝ ակնհայտորեն ոչ, որովհետև նախաքննության մարմինները հետաքննել ու հանցակազմ չեն գտել։ Կա քաղաքական պրոբլեմ, ու ես պարտավորված եմ զգում, որ այդ իրադրությունը կարգաբերենք»:
Իրավապահների վերջնական գնահատականներից ամիսներ առաջ դեռ վարչապետ Փաշինյանը ենթադրյալ սցենարներ էր ներկայացրել, թե գուցե մի ընկերը մյուսի անձնագրով է նվիրատվություն կատարել ՔՊ-ին։
Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, մինչդեռ, անցած տարվա զեկույցում այս առթիվ կասկածներ էր հայտնել քաղաքական կոռուպցիայի լուրջ նշանների մասին՝ նվազեցնելով Հայաստանի ժողովրդավարական կառավարման վարկանիշը։
Մկրտիչ Կարապետյան