Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից. փոխվարչապետը՝ Ադրբեջանի վարչապետին

Հայաստանը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին, ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան նա հայտարարել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն՝ ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ հեռավար կարգով ունեցած ելույթում Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը՝ խոստումնալից և փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անցած շաբաթ օրը հորդորել էր Ադրբեջանի նախագահին պարզաբանել, թե նա ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը պարբերաբար օգտագործելիս։ Փաշինյանը պնդել էր՝ այդ ձևակերպումը, որ երբեք Ադրբեջանի հետ բանակցություններում չի քննարկվել, Հայաստանում ընկալվում է որպես տարածքային պահանջ և նվազեցնում է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը։

Ադրբեջանի նախագահը Փաշինյանի ելույթից օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կրկին Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանել էր «Զանգեզուրի միջանցք»։ Ալիևը մասնավորապես ասել էր, թե Թրամփի ուղին՝ TRIPP-ը, «կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից». Փաշինյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգի Թրամփին, տես՝ ինչ է ասում». ինչո՞ւ է Ալիևը շարունակում պնդել «Զանգեզուրի միջանցքի» մասին