Հայ բեռնափոխադրող վարորդները հայտնվել են Ռուսաստանի «սև ցուցակներում»

Լարսի անցակետ, արխիվային լուսանկար

«Կառավարությունը տեղյակ չի պահել, գնացել ենք, չիմանալու պատճառով՝ գործից զրկվում ենք». վարորդ

Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող մի խումբ վարորդներ հայտնվել են Ռուսաստանի «սև ցուցակներում» և կանգնած են արտաքսման վտանգի առաջ։ «Ազատությանը» դիմած վարորդներն ասում են՝ Ռուսաստանում օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացել են միայն սահմանը հատելուց հետո։

ՌԴ-ում գործող նոր կարգավորմամբ, ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք նախկինում կարող էին Ռուսաստանում գտնվել յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր, ապա արդեն1 տարվա ընթացքում գումարային 90 օր կարող են գտնվել այդ երկրում: Բայց սա այն դեպքում, եթե այցի նպատակն աշխատանքը չէ. «Հայաստանում ինչքան բեռնատարի վարորդ կա, երևի 90 տոկսի այդ օրերը լրացել է, կանգնած են վտանգի առջև»,- ասում են վարորդները:

Վարորդները դժգոհում են՝ իրենք բեռներ են տեղափոխում և վերադառնում Հայաստան, այսինքն՝ նրանց գործատուն ՌԴ-ում չէ, ուստի փոփոխությունների կիրառումն իրենց նկատմամբ համարում են անարդարացի. «Չենք իմանում՝ հաջորդին կարող ենք գնալ, թե չէ: Այնպես չի, որ գնում ենք արտագնա աշխատանքի, մենք մտնում, դուրս ենք գալիս: Գոնե մտնող-դուրս գալացողների համար մի լավ բան անեն», - ասում է վարորդներից մեկը։

Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ շուրջմեկ տարի է ինչ այս խնդրի մասին բարձրաձայնում է, կարծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն ՌԴ գործընկերներին, որ աշխատանքային միգրանտին ու բեռնափոխադրող վարորդներին նույն կատեգորիայում չդիտարկեն. «Կամ մեկ այլ կետ մտցվի, որտեղ գրվի, որ եթե անձն իրականացնում է բեռնափոխադրում, ունի համապատասխան փաստաթղթերը, ապա իր վրա չի տարածվում, այլ իր վրա տարածվում է տարվա ընթացքում180 օր գտնվելու ռեժիմը կամ մեկ այլ ռեժիմ, կամ, եթե գալիս է և սահմանին ստիպված է լինում 10, 20 օր մնալ, ապա այդ ժամկետը հանում են, այդ 90 օրվա մեջ չի մտնում: Այսինքն՝ լուծումները բազմաթիվ են, կարող են գտնել որևէ լուծում», - ընդգծում է փորձագետը:

Ռուսաստանը 2024-ից խստացրել է միգրացիոն քաղաքականությունը: Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել նաև մի նոր կարգավորում, ըստ դրա էլ, բեռնափոխադրող վարորդները մինչև սահմանին հասնելը պետք է գրանցվեն էլեկտրոնային համակարգում՝ տեղեկացնելով, որ մոտենում են անցակետին։ Միայն այդ դեպքում նրանց տվյալները կհայտնվի ցուցատախտակին ու կթույլատրվի հատել սահմանը:

Բեժանյանն ասում է՝ համակարգը դեռ լիարժեք չի գործում, արդյունքում նրանք ստիպված են լինում նախ հասնել Վլադիկավկազ, այնտեղ գրանցվել, և միայն հետո շարժվել դեպի Լարսի անցակետ։ Ի դեպ, ըստ փորձագետի, այս կարգը գործում է նաև մի շարք այլ ցամաքային անցակետերում, ոչ միայն Լարսում: ՌԴ-ում ստեղծվել է ռեեստր՝ բոլոր միգրանտների տվյալներով, որտեղ հայտնվելը նշանակում է՝ անձը չի կարող որևէ գործարք անել ՌԴ-ում: «Մեզ չեն էլ տեղեկացրել, մենք տեղեկացված լինենք, կհասկանանք 90 օրից ավելի չենք մնա, եթե էդ հարցը այլ ձևով չեն կարողանում լուծել: Դա կառավարությունների խնդիր է, թող մեզ տեղեկացնեին սկզբից»,- ասում է բեռնատարի վարորդը:

Վրորդները դժգոհում են՝ նշված 90-օրյա ժամկետը հիմնականում խախտվում է նաև Լարսի փակ լինելու պատճառով: Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը պարբերաբար փակվում է՝ տարբեր պատճառներով. «Իրենք Լարսը փակում են, արհեստական խնդիրներ են ստեղծում, մեզ ամիսներով կանգնացնում են: Իսկ եթե չեն կանգնացնում մի գնալը 5 օր է տևում, ես կարող եմ 90 օրվա մեջ տեղավորվեմ, Լարսն իրենք են փակում»:

Իսկ ի՞նչ են անում հայաստանյան իրավասու մարմինները, որ ՌԴ-ում գործող նոր կարգավորումները ՀՀ-ի հազարավոր վարորդների գործազուրկ չդարձնի ու չարգելվի նրանց մուտքը ՌԴ: «Ազատությունը» դիմել է իրավասու գերատեսչություններին, պարզելու համար, արդյո՞ք քննարկուներ սկսել են ռուս գործընկերների հետ: Սպասում ենք նրանց պատասխաններին: