Հայաստանի ԱԱԾ տնօրենը երկօրյա այցով մեկնում է Բաքու. ընդդիմության և իշխանության գնահատականը

Հայաստանի ԱԱԾ տնօրենը երկօրյա այցով մեկնում է Բաքու՝ մասնակցելու «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: ԱԱԾ-ն կարճ միայն հայտնում է՝ ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանում կլինի սեպտեմբերի 19-ից 21-ը:

Բաքվում պահվող հայերի հիմնական մասը գերեվարվեց երկու տարի առաջ՝ հենց այս օրերին, նրանց թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոյանն այցի ընթացքում կբարձրացնի՞ գերիներին վերադարձի կամ նրանց տեսակցելու հարցը, ծառայությունից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել:

Ադրբեջանում այժմ 23 հայ գերի է պահվում, նրանց առաջադրված են ծանր մեղադրանքներ, ընթանում են դատավարություններ: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագում գերիների վերադարձի մասին կետ չկա, բայց իշխանությունից վստահեցնում են՝ դրանով զբաղվում են ամենօրյա ռեժիմով:

«Մենք այդ հարցով զբաղվում ենք և չենք պատրաստվում խոսել այս հարցի լուծման ընթացքի, որոշ դեպքում անհաջողությունների մասին, հաջողությունների դեպքում, իհարկե, վերջին պահին բոլորն իմանում են, որ հաջողել ենք, գերիներ են գալիս», - ասում է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Երեկ էլ էր վարչապետը նույնն ասում. «Մենք գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք, և քանի դեռ արդյունք, որը ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգալի լինելու հանգամանքի բերումով»:

«Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն ասում է՝ եթե իսկապես իշխանությանը գերիների հարցով հետևողական զբաղվում է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, ապա ԱԱԾ տնօրենը Բաքու պիտի այցելեր միայն մի դեպքում, եթե նրա ղեկավարած պատվիրակությունը Հայաստան վերադառնար՝ իր հետ բերելով գերիներին:

«Նմանատիպ այցերը կարող են հիմնական, առաջնային, եթե չասեմ միակ օրակարգ ունենան, առնվազն այն պայմաններում, երբ Կարմիր խաչը հեռանում է Ադրբեջանից, և մենք ահագնացող տեղեկություններ ենք ստանում հայ գերիների մասին, գերիներին այցելությունը և գերիներին վերջապես հայրենիք վերադարձնելը: Այդ դեպքում այսպիսի այցերը, որոնք խոշոր հաշվով ծառայում են Ադրբեջանի խաղաղարար իմիջի ձևավորմանը, կարող են արդարացված լինել», - ասաց նա:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» ունե՞ն ակնկալիք, որ ԱԱԾ տնօրենը Հայաստան վերադառնա գերիների հետ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը չուզեց ծավալվել, ասաց՝ թեման զգայուն է. «Ոչ մի ակնկալվող հեռանկարի մասին չենք ուզում բարձրաձայնել և չենք ուզում ժամկետներ նշել, բայց որ մենք աշխատում ենք գերիների վերադարձի հարցի շուրջ, սա մեկ անգամ չէ, որ ասել ենք»:

Անցած տարեվերջին չնայած հրավերին՝ Ադրբեջանում տեղի ունեցած COP 29-ին Հայաստանից պատվիրակություն չմեկնեց: Իշխանությունից ուղիղ ասում էին՝ եթե Բաքուն գերիներին չվերադարձնի, մասնակցելը ճիշտ չէ:

Հարցին, թե արդյո՞ք այս դիրքորոշումը հայկական կողմի համար այլևս սկզբունքային չէ, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը պատասխանեց. «Այո, COP-ին չմասնակցեցինք, այդ պահին այդպես նպատակահարմար գտանք, հիմա նպատակահարմար ենք գտել, որ ԱԱԾ պետը ներկա գտնվի Բաքվում միջոցառմանը: Գերիները, իհարկե, առանձին թեմա է, և վստահ եղեք, որ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները և համագործակցային մթնոլորտը միայն օգնում է և օգնելու է հետագայում մեր մեջ մնացած հարցերն ավելի արագ լուծելու»:

Եվ մինչ Հակոբյանը խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների փոխադարձ այցերն է կարևորում, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Բաքվում գերիներին տեսակցելը համարում է նվազագույնը, որին հայ պաշտոնյան պետք է փորձի հասնել: Ընդգծում է՝ եթե ԱԱԾ տնօրենի այցի արդյունքում գերիներ չվերադարձվեն, դրանից կշահի միայն Բաքուն:

«Եթե դա չկա, և մենք ստանալու ենք 2 ժպտացող նկար և երևակայական խաղաղության մասին, Ալիևի երաշխիքներով խաղաղության մասին ելույթ, պետական ծախսեր ու ոչինչ արդյունքում, դա, բնականաբար, միայն կապացուցի այն պնդումները, որ ընդդիմությունը, փորձագետները ամիսներ շարունակ անում են, որ ամբողջ գործընթացը ընթանում է ի շահ Ադրբեջանի, անգամ իմիջային տեսակետից», -նշեց նա:

Մոտ երեկ ամիս առաջ ԱԱԾ տնօրեն նշանակված Անդրանիկ Սիմոնյանը նաև գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է: Նշանակվելուց հետո նրա գլխավորությամբ որևէ նիստ տեղի չի ունեցել: ԱԱԾ տնօրենի գլխավորված պատվիրակության սպասվող այցին զուգահեռ հրապարակվեց նախագահի հրամանագիրը, որով պաշտոնից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը: Պաշտոնական հաղորդագրությունը պատճառները չի հստակեցնում, և հայտնի չէ՝ արդյոք այս պաշտոնանկությունը կապ ունի հայաստանյան պատվիրակության առաջին այցի հետ Ադրբեջան: