Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու առաջիկա այցի ընթացքում ակնկալում են հանդիպել նաև հայ գերիներին

Հայաստանցի և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, 22-ը հոկտեմբերի, 2025թ.

Ադրբեջանցիների հետ երևանյան հանդիպման ժամանակ հայաստանցի փորձագետները ցանկություն են հայտնել Բաքու այցելության ընթացքում հանդիպել հայ գերիներին, «Ազատությանը» փոխանցեց Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցած Երևանի Մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

«Տեղում, ինձ թվում է, պարզ կլինի՝ ինչպիսի արձագանք է գտել մեր այդ խնդրանքը», - ասաց Նավասարդյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են հաստատված խաղաղության մասին, բայց Բաքուն շարունակում է 23 հայ գերիներին պահել իր բանտերում: Սեպտեմբերին Ազգային անվտանգության ծառայության պետի Բաքու այցից կար ակնկալիք, որ Անդրանիկ Սիմոնյանը հայ գերիներին գոնե կտեսակցի, բայց ոչ մի այդպիսի տեղեկություն չհաղորդվեց:

«Մեր ցանկությունը ակնհայտ է և, բնականաբար, այն հնչեցվել է: Բայց մենք հասկանում ենք, որ դա այն մարդկանց լուծելիք հարցը չի, որոնք այցելել են Երևան: Բայց որ իրենց միջոցով մեր ցանկությունը՝ Բաքու այցելությունը օգտագործել նաև այս նպատակով, հասցվել է տեղ: Թե ինչպես կլինի, ես կարծում եմ՝ մինչև մեր գնալը մենք չենք իմանալու», - նշեց ԵՄԱ պատվավոր նախագահը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է շաբաթվա սկզբին ասել, որ մոտ ժամանակներում Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները փոխադարձ այցով կմեկնեն Բաքու: Ադրբեջանցիները հոկտեմբերի 21-22-ն էին Երևանում: Թե կոնկրետ օրը՝ ե՞րբ կկազմակերպվի Բաքու այցը, Նավասարդյանն ասաց՝ ժամկետները միայն վերջին պահին պարզ կդառնան:

Բայց գերիների և անհետ կորածների ճակատագիրն այն հարցերից է, որը, Բորիս Նավասարդյանի խոսքով, իրենց քննարկումների օրակարգում է՝ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման, ապաշրջափակման գործընթացն արագացնելու, համատեղ տնտեսական ծրագրերի, սահմանամերձ բնակիչների շփումներ նախաձեռնելու կողքին: Առանց փակագծեր բացելու ասաց՝ նաև համատեղ առաջարկներ են ձևակերպել այս հարցերի շուրջ:

«Այն առաջարկությունները, որ մենք մշակել ենք, կարծում եմ՝ կարող են ինչ-որ չափով մտնել նաև պաշտոնական բանակցությունների օրակարգ, և ինձ համար գոնե հիմնական նպատակը այս հանդիպման դա էր», - ընդգծեց ԵՄԱ պատվավոր նախագահը:

Հայ - ադրբեջանական երևանյան հանդիպումն աղմկահարույց էր. կլոր սեղանին մասնակցելու էր եկել նաեւ 2022-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքը փակած կինը՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ: Լաչինի միջանցքի փակմանը հետևեց ամիսների շրջափակումը, այնուհետև՝ Արցախի հայաթափումը:

Երևանի և Բաքվի պաշտոնյաների աջակցությամբ հանդիպման մասնակիցներից Արեգ Քոչինյանը պնդել էր՝ կողմերը միմյանց հետ կազմերը չեն քննարկել, ամեն մեկը իր մասնակիցներին է որոշել:

Նաև միջազգային զեկույցներն են փաստում՝ Ադրբեջանում քաղհասարակություն չկա, կան իշխանության վերահսկողության տակ գործող հասարակական կազմակերպություններ, իսկ պետությանը հակադիր դիրքորոշումները ճնշվում են:

«Ազատություն»-ը Նավասարդյանից հետաքրքրվեց՝ տեսե՞լ է խնդիրների լուծման հետաքրքրություն, թե՞ երևանյան հանդիպումը ձևական էր:

«Ինչ վերաբերում է կոնկրետ այդ տաս հոգուն, ապա նրանց միացնող հիմնական հանգամանքը այն է, որ երկուսն էլ կողմնակից են խաղաղության օրակարգի, որը հիմա իրականացվում է: Այն իրականացման ընթացքում կարող են լինել որոշակի փոփոխություններ, մոդիֆիկացիաներ, մոտեցումների ճշգրտումներ, սակայն ընդհանուր գծերով մենք համաձայնել ենք նրա շուրջ, որ մենք այդ օրակարգին աջակցում ենք», - ասաց ԵՄԱ պատվավոր նախագահը:

Ամեն կողմից հինգ հոգի է քննարկմանը մասնակցել: Բաքու մեկնող կազմն էլ, ենթադրում էր «Ազատության» զրուցակիցը, չի փոխվի: Բայց, ասաց, առաջարկ է եղել, որ երկխոսության մասնակիցների կազմն ընդլայնվի: Կոնկրետ ոլորտներով զբաղվող կազմակերպություների մասին խոսեց Նավասարդյանը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր նաև լրագրողների փոխադարձ այցի մասին ակնարկեց, երբ պատասխանում էր Երևան եկած ադրբեջանցի լրագրողի հարցին: Իսկ թե հայաստանցի լրագրողների այցը ե՞րբ է ծրագրվում, քանիսի՞ մասին է խոսքը, ի՞նչ միջոցառման շրջանակներում, չհստակեցրեց:

Դառնալով քաղհասարակության շփմանը. Բորիս Նավասարդյանը ենթադրում է՝ ինչպես ադրբեջանցիների դեպքում, իրենց այցն էլ Բաքու ուղիղ չվերթով կկազմակերպվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջան. ԱԽ քարտուղարԼաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստը»՝ Երևանում Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ