ՀԴԲ-ն հրապարակել է Քըրքի սպանության առնչությամբ որոնվողի լուսանկարը, 100 հազար դոլար է խոստացել տեղեկության համար

ՀԴԲ-ի հրապարակած լուսանկարը

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հինգշաբթի օրը հրապարակել է մի անձի լուսանկար, որին բնորոշել է որպես «հետաքրքրություն ներկայացնող»՝ պահպանողական ակտիվիստ, նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Չարլի Քըրքի սպանության կապակցությամբ: Նրան նկարագրել են իբրև ուսանողական տարիքի անձ:

Սոլթ Լեյք Սիթիում ՀԴԲ աշխատակիցներն ուղիղ չեն ասել, որ լուսանկարում պատկերված անձը ենթադրյալ հրաձիգն է, սակայն 100 հազար դոլար են խոստացել տեղեկատվության համար, որը կօգնի քննությանը:

Քննիչները հայտնել են նաև, որ գտել են Mauser հրացանը, որը, նրանց կարծիքով, կիրառվել է Քըրքի սպանության համար: ՀԴԲ-ն և Յուտա նահանգի ներկայացուցիչները հայտնել են, որ հրաձիգը համալսարանական ավան է ժամանել րոպեներ առաջ միջոցառումից, որին շուրջ 3 հազար մարդ էր մասնակցում. տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է զինված անձը բարձրանում աստիճաններով:

31-ամյա Չարլի Քըրքը Յուտայի համալսարանի տարածքում սպանվել է սեպտեմբերի 10-ին, երբ հրազենային բռնության թեմայով ելույթ էր ունենում բացօթյա միջոցառման ժամանակ: Արձակվել է մեկ կրակոց, նախնական տեղեկություններով՝ համալսարանի մասնաշենքերից մեկի տանիքից՝ մոտ 150 մետր հեռավորությունից: Գնդակը դիպել է ակտիվիստի պարանոցին, նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում սպանվել է պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքը