Հարկատուների հաշվին սնվող Հանրային հեռուստաընկերությունն ինչու է ուղիղ հեռարձակում կարգալույծ քահանայի՝ Ստեփան Ասատրյանի պատարագը, որ Մայր Աթոռը համարում է ապօրինի ու սրբապղծություն: Հատկապես, որ վարչապետ Փաշինյանն էլ դրան մասնակցում էր ոչ թե որպես կառավարության ղեկավար, այլ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը հարցով արձագանքեց լրագրողներին: Իսկ ինչո՞ւ պետք է բոլորը լուսաբանեն, հանրայինը՝ ոչ:
«Ես զարմանում եմ, ի՞նչ կա այդտեղ զարմանալու: Եթե իրադարձություն է լինում և լրատվամիջոցը լուսաբանում է, այս դեպքում Հանրային հեռուստաընկերությունն է լուսաբանում, ի՞նչ կա այդտեղ զարմանալու», - ասաց Հանրային Հ/Ը գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը կրկին մասնակցեց կարգալույծ Ասատրյանի մատուցած պատարագին, Մայր Աթոռում տոնում են կաթողիկոսի գահակալության տարեդարձըԻսկ ինչու նույն սկզբունքով Հանրայինը չի աշխատում Փաշինյանի թիրախում հայտնված Մայր Աթոռի միջոցառումների դեպքում: Անցած կիրակի, երբ Հանրայինը վարչապետի մասնակցությամբ կարգալույծ քահանայի պատարագն էր ուղիղ հեռարձակում, Մայր Աթոռում կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ Սուրբ պատարագ էր ու եկեղեցական կարևոր միջոցառում, այնտեղ հավատացյալներ կային, որ հանրայինի հարկատուներն են: Ինչպե՞ս էին որոշել, որ Փաշինյանին նվիրված պատարագը ուղիղ հետևելու հանրային մեծ պահանջ կա, իսկ Մայր Աթոռինը՝ ոչ:
«Դիմում են և դա, ըստ այդմ, նաև դիտարկվում է: Այս դեպքում՝ ոչ մի դիմում չի եղել։ Շատ լավ, ես ձեզ ասեմ ընթացակարգը. երբ Հանրային հեռուստաընկերությունը որևէ պատարագ լուսաբանում է, Հանրայինին նախապես տեղեկացնում են պաշտոնական նամակով, դիմում են, քննարկվում է դա, տեղանքի զննություն է կատարում, դա մեծ աշխատանք է, դա այնպես չի, որ Էդ ձեր համեմատականը Հովհաննավանքի հետ, որտեղ մի տեսախցիկով ուղիղ եթեր է հեռարձակվում և մեծ իրադարձություն լուսաբանելը, դրանք տարբեր բաներ են, նախապես դիմում են, քննարկում են», - ասում է Մովսիսյանը:
Եթե Մայր Աթոռից դիմեն, կլուսաբնե՞ն: Մեր այս հարցին Հովհաննես Մովսիսյանը այդպես էլ ուղիղ չպատասխանեց. «Եթե-ով չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Հիմա Դուք ասում եք՝ եթե էսպես լիներ... ինչպե՞ս պատասխանեմ։ Հիմա, որ նույն հարցը եթե-ով Ձեզ տան, կարո՞ղ եք պատասխանել»։
Հովհաննես Մովիսյանը խորհրդարանում պնդում էր, թե Հանրայինը անկողմնակալ բովանդակություն է սփռում ու խտրականության օրինակներ էր պահանջում լրագրողներից: Օրինակ՝ Ազգային ժողովի ճեպազրույցները, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների դեպքում ուղիղ է հեռարձակվում, իսկ երբ այդ նույն ճեպազրույցի ժամանակ խոսափողներին են մոտենում ընդդիմադիրները, այդ թվում՝ նրանց հարկերով սնվող Հանրայինի ուղիղ եթերն ընդհատվում է: Սա խտրականություն ու կողմնակալ չէ՞: Նախկին գործընկեր Մովսիսյանին դիմեցին լրագրողները:
«Մի րոպե, դուք ասում եք՝ մենք ուղիղ եթերում չենք տալիս, ճեպազրույցը, չգիտեմ ինչը..., հիմա տենց չեմ հաշվել դա...ասում եմ՝ հրավիրում ենք, եկեք, եթե խնդիր կա իրենց եթեր տալու հետ, հրավիրում ենք», - ասաց Հանրայինի գործադիր տնօրենը:
Պետբյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերության բովանդակությունը քննարկվեց նաև նիստերի դահլիճում: Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը այն որակեց իշխող ուժի քարոզչական գործիք:
«Հետևելով Հանրայինի՝ մանավանդ լրատվական հաղորդումներին, բոլորովին այլ պատկեր ենք ստանում: Եվ իմ խորը համոզումով՝ շատ վաղուց արդեն Հանրայինի լրատվականը վերածվել է իշխող քաղաքական ուժի պրոպագանդիստական գործիքի», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանական պատգամավորները կողմ քվեարկեցին «Շողակաթի» դեմ օրենսդրական նախաձեռնությանըՀանրային հեռուստաընկերության բովանդակության անաչառության վերաբերյալ կասկածներ ու հարցեր չունեին իշխանական պատգամավորները, որ Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաընկերությանը զրկեցին հանրային հեռարձակման հնարավարությունից: ՔՊ-ականները օրենքն ընդունեցին եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին զուգահեռ:
Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի ղեկավարը կարծում է, որ «Շողակաթը» պետք է վերանայեր բովանդակությունը: Իրենց տվյալներով՝ հեռուստաընկերության վարկանիշը ցածր է, մարդիկ հետաքրքրված չեն այդ հաղորդումներով. «Ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամներն այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ ու գտնում ենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել: Սակայն մի ուրիշ բան ասեմ: Մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր- մշակութային հեռուստածրագիր էր, այլ՝ կրթական-մշակութային: Մենք սկսեցինք անդրադառնալ խնդրին, երբ գնացքը արդեն գնաց», - ասում է Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը:
Իշխանությունը «Շողակաթի»՝ այսպես ասած խնդիրները նկատեց կաթողիկոսի ու այլ հոգևորականների դեմ պաքայրին զուգահեռ, արդյոք սա չի նշանակում, որ հեռուստաընկերությունը թիրախավորվեց ոչ թե բովանդակության, որակի այլ քաղաքական նկատառումներով: Տիգրան Հակոբյանը քաղաքական ենթատեքստին չանդրադարձավ: «Շողակաթի» դեմ իշխանության գործընթացի մասին հստակ բացասական դիրքորոշում է հայտնել միայն Հանրային հեռարձակողի խորհուրդը: Անկախ դիտումներից՝ կարծում են, որ պետք է հոգևոր-մշակութային, կրթական ալիքի հանրային հեռարձակումը ապահովվի: Հոգևոր-մշակութային, կրթական ալիքի դեմ իշխանության նախագծին կողմ էր նաև Կրթության ու գիտության նախարարությունը: Նախարար Անդրեասյանի մեկնաբանությամբ ստացվում է ոչ թե «Շողակաթի» դեմ են գործել, այլ օգտին. «Ես կարծում եմ, որ մրցութային գործընթացները թույլ են տալիս նաև նոր ու թարմ գաղափարներ բերել։ Եվ եթե մենք ունենանք ընտրության հնարավորություն ու ընտրենք լավագույնը, խոսում ենք լսարանի մասին, խոսում ենք արտադրանքի մասին, ի վերջո շահելու է առաջին հերթին լսարանը, որովհետև արտադրանքի բովանդակությունն էլ կարող է լինել նույն «Շողակաթ»-ինը, եթե ինքը մասնակցի մրցույթի, շատ ավելի որակյալ...»:
Իսկ Ժաննա Անդրեասյանը մտավախություն չունի՞, որ պատմության մեջ կմնա այն նախարարը, որը մաս դարձավ քաղաքական նկատառումներով հոգևոր- մշակութային, կրթական ալիքի դեմ գործընթացին: Ժաննա Անդրեասյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց: