Հոգևորականներին բերման ենթարկելու, ձերբակալելու գործողություններին զուգահեռ՝ Ազգային ժողովի կրթության հանձնաժողովում իշխանական պատգամավորները կողմ քվեարկեցին Մայր Աթոռի «Շողակաթի» դեմ օրենսդրական նախաձեռնությանը:
Հեղինակներ ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են հանրային հեռարձակողների թիվը մեկով կրճատել: Թեև նախագծում անուն նշված չէ, բայց նրանք խոստովանում են, որ հենց հոգևոր-մշակութային ու կրթական «Շողակաթը» նկատի ունեն:
«Սա ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, թիրախավորված պայքարի ասպատակության շրջանակում», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասաց. «Ինչ վերաբերում է պետության դեմ եկեղեցու ասպատակությանը, ես դա չեմ մեկնաբանի»։
Գործող օրենքով՝ պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու «Շողակաթը»: Գրականագետ Ղազարյանն ու նախկին լրագրող Գաբրիելյանը հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնակալիքներ ունեն. «Տասնամյակներ շարունակ առանց մրցույթի գումար տրամադրելը համարում ենք անարդյունավետ: Դա դրական չի ազդում ո՛չ բովանդակության, ո՛չ որակի վրա», - ընդգծում է Թագուհի Ղազարյանը:
Ի՞նչ ցուցանիշների հիման վրա են իշխանականների պնդումները, ինչ հաշվարկներ են արել, նրանից փաստարկված հիմնավորումներ էր պահանջում ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը. «Չի կարող մի բան, որը խորապես ուսումնասիրված չէ, ես որքան կարողանում եմ հասկանալ՝ սա նախագծի հեղինակների, միգուցեև ձեր քաղաքական խմբի սուբյեկտիվ դիտարկումների արդյունքն է, այնտեղ որևէ հիմնավորում, փաստարկված տվյալներ չկան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանություններն ուզում են եթերազրկե՞լ «Շողակաթ»-ըԱյս հեռուստաընկերությունը տասնամյակներ առաջ հիմնադրել է Մայր Աթոռը: Բյուջեի կեսն էլ Մայր Աթոռն է հատկացնում: 14 ժամ եթեր ապահովելու դիմաց տարեկան 600 հազար դրամ է հեռուստաընկերությունը ստանում: ՔՊ-ականներին հակադարձում էր Լիլիթ Գալստյանը:
«Եթե պարզվի, որ օրինակ՝ 90 տոկոսն իրենք են տրամադրել՝ եկեղեցու դրամական միջոցներից է, մեծ հաշվով բան չի փոխվում. առաջիկայում կարող են մասնակցել մրցույթով այդ սլոթին և վերականգնել իրենց հեռարձակման հնարավորությունը, ես չեմ կարծում, որ ամբողջ հանրությունը պետք է դրա համար վճարի», - ասաց նախագծի հեղինակներից Թագուհի Ղազարյանը։
Փաշինյանի թիմակիցները «Շողակաթի» բովանդակությունն էլ չեն հավանում, ալիքը որակում են կրոնական ու դժգոհում, որ ազգային փոքրամասնությունների համար հաղորդումներ չունեն: Լիլիթ Գալստյանը հակադարձում էր թվերով. «Այն աղյուսակն է, որ զետեղված է հանրայինի հաշվետվության մեջ, այնտեղ այսպիսի համամասնություն կա. ուսումնական և այլ հաղորդումները 11 տոկոս են, մանկականնները՝14 տոկոս, երաժշտականները՝ 14.1, հոգևոր հաղորդումները՝15, մշակութայինները՝ 26, հոգևոր-մշակութայինները 5.5։ Եթե դուք չեք հավատում Հանրային հեռարձակողին, սա արդեն այլ խնդիր է։ Պետության պոզիտիվ առաքելությունն է հանրությանը կրթելը, և կրթությունը սոսկ դպրոցական կամ բուհական կրթությունը չէ»։
Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց. «Ձեր ասած պետության պոզիտիվ պարտականությունը ալիք պահելը չէ։ Պոզիտիվ պարտականությունն է Ձեր ասած բովանդակությունը փոխանցելը քաղաքացիներին։ Հիմա դա կլինի ֆեյսբուքյան որևէ օգտատիրոջ, որն ավելի մեծ ազդեցություն ունի, քան այդ թվում՝ հանրային բոլոր հեռարձակողներն իրար հետ վերցրած, թե կլինի այլ կազմակերպության կողմից, դա արդեն ընտրության հարց է»:
«Շողակաթի» թեման խորհրդարանում սկսեց եռալ անցած տարվանից, երբ Բագրատ սրբազանը Տավուշից Երևան էր գալիս Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու: ՔՊ-ական Արսեն Թորոսյանը դեռ այն ժամանակ հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին ուղիղ առաջարկեց հեռուստաընկերությանը հատկացվող գումարը տան Հանրայինին ու այս թեման փակեն:
«Չի՞ լինի էդ 206 միլիոնն էլ տանք Հ1-ին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական բազան հաղորդումների, ավելի շատ պրոդուկտ տա և «Շողակաթ»-ի հարցը փակենք ընդհանրապես»,- ասում էր Արսեն Թորոսյանը:
Խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մանրամասն բացատրեց ՔՊ-ականներին, որ պետության պարտականությունն է հոգևոր- կրթական հեռուստաընկերությունը և ամենևին էլ էական չէ, թե քանի հոգու ճաշակով կլինի: Սա պարտադիր պահանջ է: ՔՊ-ականների տրամադրվածության վրա մասնագիտական հիմնավորումները չազդեցին:
«Շողակաթի» դեմ նախագիծը առաջիկայում կքննարկվի լիագումար նիստում, եթե օրենքն ընդունվի, ապա այդ փոփոխության դեպքում՝ մշակութային ու կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու: Դիրքորոշում է հայտնել Հանրային հեռարձակողի խորհուրդը: Խորհուրդը կարևորել է մշակութային ուղղվածության առանձին ծրագրի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով։
Մասնագիտական խորհրդի այս դիրքորոշումն էլ փաստացի չի կանգնեցրել իշխանականներին: