Իշխանությունը սիրաշահո՞ւմ է քաղաքացիներին՝ եկամուտների հայտարարագրումը պարզեցնելով

«Մոտ 700 հազար մարդու տուգանելը կարող է շատ թանկ նստել իշխանության վրա նախընտրական այս շրջանում»,- ընդդիմադիր դաշտում վստահ են՝ եկամուտների հայտարարագրումը պարզեցնելով՝ իշխանությունը փորձում է սիրաշահել քաղաքացիներին:

«Շահեկան չէ ընտրություններին ընդառաջ քաղաքացուն տուգանքի մատերիալ օգտագործելը». Ավետիսյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որ հենց սկզբից համակարգը ձախողված էր որակել, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ շահեկան չէ ընտրություններին ընդառաջ «հանրությանը որպես տուգանքի մատերիալ» օգտագործելը։

Թադևոս Ավետիսյան

«Բառացիորեն դասական իմաստով քաղաքացուն տուգանքի մատերիալ դիտարկելն է: Համակարգը, որ այդքան գովերգում էին և փուլային փորձում էին ներդնել, մեռելածին էր, ի սկզբանե անիմաստ, մերժված հանրության կողմից, և իրենք փաստին առնչվեցին արդեն մինչև վերջին օրը ձգելով այս պահանջը, հասկացան, որ նախընտրական այս փուլում հակադրվում են ողջ հանրության հետ և բնական է, որ պոպուլիստ իշխանությունը պետք է արագ հետքայլ աներ, ինչը արեց», - ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Համակարգը պարզեցվում է

Աշխատող քաղաքացիների եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետից 24 օր առաջ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, թե փոփոխություն են կատարում համակարգում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետից 24 օր առաջ համակարգը պարզեցնում են

Առաջարկում են վերացնել մինչև նոյեմբերի 1-ը էլեկտրոնային ստորագրությամբ եկամուտների հայտարարագրման համակարգ մտնելու և հայտարարգիր լրացնելու պահանջը, եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից՝ օրինակ՝ աշխատավարձից բացի, քաղաքացին այլ եկամուտ չունի ներկայացնելու։

Բաբկեն Թունյան

«Վերջնաժամկետից հետո՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքն անգամ համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը Պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել», - հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Իշխանական պատգամավորի առաջարկած սցենարով՝ քաղաքացին այլևս չի տուգանվի համակարգ չմտնելու դեպքում։ Իսկ եթե լրացնի, կօգտվի սոցիալական կրեդիտներից։

Ընդդիմադիր Ավետիսյանի պնդմամբ՝ պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ քաղաքացին բոյկոտել է այս նախաձեռնությունը ու անգամ պատրաստ են տուգանվել:

ՊԵԿ-ի տվյալներով՝ աշխատող117 հազար անձ արդեն լրացրել է եկամուտների հայտարարագիրը, ավելի քան 15 տոկոս։ Այս թվի մեջ մտնում են նաև նախկինում հայտարարագիր ներկայացրածները, այսինքն՝ ոչ միայն այս տարի համակարգին միացածները:

«Հիմնականում հայտարարգիր ներկայացրին այն քաղաքացիներն, ովքեր ունեին հնարավորություն որոշակի գումարներ ստանալու իրենց վճարած եկամտահարկից, այդ թվում՝ ուսման վճարի համար կամ առողջապահական ուղղություններով և այլն: Իսկ մնացած քաղաքացիներին ուղղակի մերժեցին այդ պահանջը՝ նույնիսկ մտքում ունենալով վարչական պատասխանատվության ենթարկվելու այս հիմքը», - ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Վահե Հովհաննիսյան

Ֆինասների նախարարը, սակայն, այդպես չի կարծում։ Վահե Հովհանիսյանը «Հետքի» հետ զրույցում ցածր ցուցանիշը բացատրել է տեխնիկական որոշ բացթողումներով ու քաղաքացիների վատ սովորությամբ։ Նախարարան ասում է՝ հիմա՝ նոր տարբերակով ՊԵԿ-ը կհեշտացնի քաղաքացու գործը. «Մենք ձեր փոխարեն կլրացնենք, եթե դուք որևէ բան ունեք փոխելու դրա մեջ, եթե որևէ բան սխալ կլինի, դուք մտեք, նայեք, ճշգրտեք, եթե չեք անի, ապա դուք համաձայն եք նրա հետ, ինչ ՊԵԿ-ը ձեր փոխարեն արդեն լրացրել է», - ասում է նախարարը:

Իսկ ով լրացուցիչ եկամուտ ունի ու շարունակի թաքցնել, ապա իշխանությունը վտահեցնում է՝ կգտնեն, պատասխանատվութան կենթրակեն։ Ինչո՞ւ դա չարվեց մինչև այս համակարգի ներդրումը։ Ոչ միայն այս հարցի պատասախանը չի հնչում, այլև, այն, թե ինչպե՞ս են փորձելու ստիպել նախկինում եկամուտները թաքցրածներին ինքնախոստովանագիր ներկայացնել։

«Դա ևս աբսուրդ է, որովհետև, եթե քաղաքացին թաքցրել է եկամուտ, որը հարկման ենթակա է, իհարկե, դա բացասական երևույթ է, ստվերում աշխատելը, հարկեր չվճարելը, բայց եթե այդպիսի որոշում է կայացրել, ամիսներ առաջ այդ եկամուտը չի հայտարարագրել, հարկ չի վճարել, բնականաբար դրանից հետո հաջորդ տարի այդ եկամուտն ինքը չի հայտարարագրելու, որովհետև հայտարարագրելու դեպքում ոչ միայն նույն հարկերը պիտի վճարի, այլև տույժեր պիտի վճարի ու ենթարկվի վարչական պատասխանատվության: Այսինքն՝ սա էլ անիրական մի բան է»,- ընդգծում է Թադևոս Ավետիսյանը:

Կառավարությունից պնդում են՝ կոռուպցիայի դեմ են պայքարում

Իշխանության ներկայացուցիչը չի ընդունում, որ սա հետքայլ է և բացատրում, որ համակարգի գործարկման ժամանակ են խնդիրներ առաջացել, հիմա փորձում են լուծել։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, պնդում է՝ սա շղարշ է, կառավարությունը հստակ թիրախ ունի, որոնց հետևից կփորձի գալ՝ ընտրություններից հետո։

«Վստահ չեմ, որ իրենք վերջնական են հրաժարվելու այս գործիքից, որովհետև իրենց իրական նպատակը, որ թաքցնում էին, լուծված չի, բայց դա իրենց մտքում է՝ հարկ «քերթել» արտագնա աշխատանքի մեկնողներից: Աա է ամենակարևորը և մեր հանրությունը պետք է իմանա», - նշում է ընդդիմադիր պատգամավորը:

Կառավարությունը, մինչդեռ, բացատրում է, որ այս համակարգով կոռուպցիայի դեմ է պայքարում, իսկ հայտարարագրվող քաղաքացիներին խրախուսում է սոցիալական կրեդիտներով՝ կրթության և առողջապահական ծախսերի համար մինչև 100 հազար դրամով փոխհատուցում տրամադրելով:

Խորհրդարանն արտահերթ նիստ հրավիրելու և երկու ընթերցմամբ եկամուտների հայտարարագրման մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար մոտ երեք շաբաթ ժամանակ ունի: