Իսրայելը երեկվանից ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով, ըստ Պաղեստինի իշխանությունների, առնվազն 104 մարդ է սպանվել, որոնցից 66-ը` կանայք և երեխաներ: Վիրավորվել է ավելի քան 250 պաղեստինցի:
Իսրայելը «Համաս»-ին մեղադրել է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարը և պատանդների դիերը վերադարձնելու պայմանները խախտելու համար, ինչը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը հերքում է: Պաշտպանության բանակը նշել է, որ ի պատասխան հրադադարի խախտման հարվածել է «ահաբեկչական տասնյակ թիրախների և ահաբեկիչների», այդ թվում՝ շարժման 30 հրամանատարի:
Իսրայելական հարվածները, ականատեսների վկայությամբ, շարունակվել են մինչև այսօր առավոտ։ Կեսօրին մոտ Իսրայելը հայտարարել է, որ վերսկսել է հրադադարի պահպանումը:
«Հարձակումը տեղի ունեցավ հենց մեր տան մոտ։ Տանիքը փլուզվեց մեզ վրա: Մեր հարևանները եկան և մեզ փլատակների տակից հանեցին՝ ինձ, կնոջս, դուստրերիս, որդիներիս և կնոջս հորը», - ասում է Գազայի բնակիչ Թայեր ալ Բաննան:
«Հանկարծ սկսեցին քարեր ու բեկորներ թափվել մեր գլխին ... Ոչինչ չէր երևում: Փոշում մեջ թաթախված՝ երեխաները սողալով էին դուրս գալիս ավերակների տակից», - պատմում է Գազայի մեկ այլ բնակիչ՝ Դիաա ալ-Աջալան:
«Անհավատալի սարսափ է սա … Պատերազմն ավարտվեց, զինադադար հաստատվեց, իսրայելցիներն էլ ստացան իրենց պատանդներին: Վերջ։ Ի՞նչ է, մտադիր են սպանե՞լ մնացածին», - նշում է Ալաա Ջարադան:
«Ուզում ենք, որ սա վերջանա: Ես 27 տարեկան եմ։ Չգիտեմ ինչ անեմ ... հոգնել ենք, զզվել ենք այս ամենից և ուզում ենք դուրս գալ այս իրավիճակից», - ասում է Աբեդ Ջարադան:
Հարձակումից առաջ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է անհապաղ «ուժեղ հարվածներ» հասցնել Գազային, սակայն չէր նշել պատճառը: Իսրայելի պաշտպանության նախարարը պարզաբանել էր, որ «Համաս»-ը հարձակվել է իսրայելցի զինվորների վրա, ինչի հետևանքով մեկ զինվոր է սպանվել անկլավի այն հատվածում, որն իսրայելական զինուժի վերահսկողության տակ է։
«Համաս»-ը հայտարարել է, որ Նեթանյահուն առիթ է փնտրում պարտավորություններից հրաժարվելու համար, մինչդեռ շարժումը հավատարիմ է հրադադարի պահպանմանը։
Չնայած այս ամենին՝ ԱՄՆ նախագահը պնդում է, թե հրադադարը վտանգված չէ:
«Ո՛չ, ո՛չ։ Ոչինչ չի վտանգի հրադադարը։ «Համաս»-ը ... դժվար վիճակում է, բայց ասել են, որ լավ կպահեն իրենց: Եթե լավ պահեն, լավ կլինի ու նրանք գոհ կլինեն։ Եթե լավ չպահեն, նրանց կվերացնեն, և նրանք դա հասկանում են», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ փոխնախագահն էլ վստահեցրել է, որ հրադադարը պահպանվում է: «Դա չի նշանակում, որ այստեղ-այնտեղ փոքր բախումներ չեն լինելու», - ասել է Ջեյ Դի Վենսը:
Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին՝ վերջ դնելով 2023-ի հոկտեմբերից ընթացող պատերազմին, որն սկսվեց «Համաս»-ի հարձակմամբ:
ԱՄՆ նախագահի խաղաղության համաձայնագրի առաջին փուլով՝ «Համաս»-ն ազատ է արձակել բոլոր կենդանի պատանդներին, ինչի դիմաց Իսրայելն ազատել է մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալի, հետ է քաշել զորքը համաձայնեցված դիրքեր և դադարեցրել մարտական գործողությունները: «Համաս»-ն Իսրայելին արդեն փոխանցել է պատանդների մարմինների մի մասը և պետք է հանձնի ևս 13-ը, սակայն պնդում է, որ դիերը գտնելու համար ժամանակ է հարկավոր:
Իսրայելը «Համաս»-ին մեղադրել է պատանդի դի հայտնաբերելու տեսարան բեմադրելու համար: Բանակի հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք կիսաքանդ շենքից դին նետում նոր փորված փոսը, հետո հող լցնում վրան: Ապա արդեն ժամանած Կարմիր Խաչի աշխատակիցների ներկայությամբ տրակտորն սկսում է փորել, հայտնաբերում են դին և դուրս բերում այն: Կազմակերպությունը հայտարարել է՝ տեղյակ չեն եղել, որ դին նախապես էր բերվել այդտեղ:
Իսրայելցիները երեկոյան հավաքվել են Թել Ավիվի «Պատանդների հրապարակում», աղոթել Գազայում պահվող պատանդների մնացած մարմինների ազատ արձակման համար։ Հավաքվածներին դիմել է նաև վերջերս ազատ արձակված իսրայելցի պատանդներից մեկը:
«Իսկապես, բառեր չեմ գտնում խոսելու այն ամբողջ սիրո և այն ամենի մասին, ինչ դուք արեցիք ինձ և բոլոր պատանդների համար: Սա պատկերացնելու բան չէ», - ասել է Բար Կուպերշտեյնը:
Օրնա Նեյտրան, որի որդու դին դեռ Գազայում է, ասել է, որ հրաշք էր, երբ պատանդներն ազատ արձակվեցին, սակայն դիերի վերադարձի հետ կապված անորոշությունը խորացնում է իրենց ցավը. - «Մենք ցավոտ անորոշության մեջ ենք, և մեզ տանջում են անպատասխան հարցեր։ Քանզի ամոքումը պահանջում է որոշակիություն, և սուգը չի կարող սկսվել առանց գերեզմանի»:
Եվրամիությունը բոլոր կողմերին կոչ է արել հարգել հրադադարը: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան նաև քննադատել է պաղեստինյան տարածքի վրա Իսրայելի օդային հարվածները։ «Մեզ անհրաժեշտ է խաղաղության հնարավորություն, այլ ոչ թե նոր հարվածների արդարացումներ», - սոցցանցում գրել է նա:
Գազայում շուրջ երկու տարի տևած պատերազմի հետևանքով մոտ 69 հազար պաղեստինցի է սպանվել, նրանցից մոտ 48 հազարը կանայք և երեխաներ, վիրավորվել է ավելի քան 170 հազար մարդ: Իսրայելական կողմն ունի մոտ 2 հազար զոհ: