Իտալիայում ձերբակալվել է Ուկրաինայի մի քաղաքացի, ով մեղադրվում է Ռուսաստանից Եվրոպա տանող Nord Stream ստորջրյա գազատարների վրա պայթուցիկ սարքեր տեղադրելու, դիվերսիայի կազմակերպելու մեջ։
«Սերգի Կ.-ն ձերբակալվել է հինգշաբթի առավոտյան Իտալիայի Ռիմինի նահանգում՝ եվրոպական կալանքի օրդերի հիման վրա։ Ենթադրվում է, որ նա «գործողության համակարգողներից է եղել»,-հայտարարել են գործը քննող գերմանացի դատախազները։
2022-ի սեպտեմբերին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի ամիս անց, հզոր պայթյուններ տեղի ունեցան Nord Stream խողովակաշարերում, որոնք երկար ժամանակ ռուսական գազ էին մատակարարում Եվրոպա։
Արևմուտքը սկզբում Ռուսաստանին էր մեղադրել, Մոսկվան հերքել էր մեղադրանքները։ Գերմանացի քննիչները ավելի ուշ հայտարարեցին ուկրաինական հանցավոր մի խմբավորման մասին, որը, ենթադրաբար, վարձակալել էր «Andromeda» զբոսանավը՝ հարձակումն իրականացնելու համար, հաղորդում են Der Spiegel-ն ու գերմանական այլ լրատվամիջոցներ։