44-օրյա պատերազմի գործերից մեկով մեղադրյալ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը չարդարացվեց, առաջիկա օրերին նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գեներալի բողոքն իրեն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մեղավոր ճանաչելու վերաքննիչի որոշման դեմ: Դատարանը եզրահանգել է, որ վերաքննիչ ատյանը, որ քննել է Հարությունյանի վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումը, սխալներ թույլ չի տվել:
Սա նշանակում է, որ Հարությունյանի դատավճիռը կմտնի ուժի մեջ:
Ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման:
Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար: Իրավապահները պնդում են՝ հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ըստ քննիչների՝ Հարությունյանն առջևից եկող ադրբեջանցիներին որպես հայեր է ներկայացրել:
Դատարանում ՊԲ նախկին հրամանատարը պնդել էր՝ ինքն անփութություն թույլ չի տվել, և իր մեղքով չեն զոհվել 20 զինվորները, իսկ մեկն էլ՝ անհետ կորել, այլ՝ դիվիզիոնի ղեկավարության: Ասել էր՝ հարցն իրեն չպետք է տային, ճիշտ է՝ նշել է՝ «հնարավոր է մերոնք են», բայց ստորին օղակները պետք է ստուգեին դա ու ըստ դրա՝ գործողություններ անեին:
Հարությունյանն արդարացում էր պահանջել, իսկ զոհված զինվորների ծնողներն՝ առավելագույն՝ 8 տարի պատիժ:
Վճռաբեկը, ըստ էության, չքննեց նաև ծնողների պահանջը: